Ակտիվիստ Էդուարդ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ մայրաքաղաքում հեղեղատարի վրա ասֆալտ են լցրել, ու հիմա պարզ չէ, թե անձրևաջրերն ուր են լցվելու։
MediaHub-ն ուսումնասիրել է ակտիվիստի էջը և նկատել, որ նա արդեն մեկ տարի է՝ բարձրաձայնում է նման խնդիրների մասին։
«Մեկ տարի առաջ սկսել եմ բարձրաձայնել ու ցուցադրել Երևան քաղաքի հեղեղատարների ողբալի վիճակը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին հիշեցնեմ, որ մեկ տարի անց նույն վիճակն է, այնինչ, ընդամենը մեկ կազմակերպություն ներառելու միջոցով, մեկ-երկու ամսում, ամբողջ քաղաքի գործող հեղեղատար համակարգը կարելի է կարգի բերել, իսկ դրանից հետո անցնել նորերի կառուցմանը՝ ժամանակակից ձևով»,- գրել է Հայրումյանը։
Ինչո՞ւ է որոշվել, որ գործող հեղեղատարի վրա պետք է ասֆալտ լցնել, և ի՞նչ է արվում խնդիրը լուծելու համար․ MediaHub-ը դիմեց Երևանի քաղաքապետարանին։ «2024 թվականին է արվել, փոսալցման աշխատանքների շրջանակում է արվել, և ոչ միջին նորոգման, անփութության դրսևորում է, ինչն ուսումնասիրում է քաղաքապետարանը»,- նշեցին քաղաքապետարանից։
Այսինքն՝ արդեն երկու տարի քաղաքապետարանն ուսումնասիրում է իր իսկ որակմամբ անփութության պատճառները, իսկ թե լուծումը երբ կլինի, հայտնի չէ։

Русский