Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հաղթել է ընտրությունների երկրորդ փուլում՝ ապահովելով նախագահական չորրորդ ժամկետը։
Երկրի Բարձրագույն ընտրական դատարանի տվյալներով՝ Լուլա դա Սիլվան ստացել է 64 256 232 ձայն (51,79%), իսկ նրա մրցակիցը՝ սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն (նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի ավագ որդին), հավաքել է 59 826 041 ձայն (48,21%)։
Ինչպես հաղորդել է Reuters-ը, արդյունքն անակնկալ է եղել. այն հակասել է կանխատեսումներին և ընդհատել Լատինական Ամերիկայում աջակողմյան թեկնածուների ընտրական հաղթանակների շարքը։ Բոլսոնարուն հայտարարել է, որ մտադիր է վիճարկել արդյունքները՝ որպես հիմնավորում նշելով Գերագույն դատարանի՝ քվեարկության ժամանակը երկու ժամով երկարաձգելու վերաբերյալ որոշումը։
Լուլա դա Սիլվան նախկինում նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-ից 2010 թվականներին։ 2018-2019 թվականներին նա բանտարկված է եղել կոռուպցիոն գործի շրջանակներում, թեև հետագայում մեղադրանքները հանվել են։ Նա հաղթել է 2022 թվականի ընտրություններում, 2023-ին վերադարձել նախագահի պաշտոնին, իսկ այժմ վերընտրվել է չորրորդ ժամկետով։
Reuters-ը նշել է, որ Լուլա դա Սիլվայի հաղթանակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զրկում է տարածաշրջանում առանցքային դաշնակցից։ Գործակալությունը նաև ընդգծել է, որ բրազիլացի առաջնորդի համար այս նոր ժամկետը կարող է ամենաբարդը լինել, քանի որ երկրում ընտրվել է ամենապահպանողական Կոնգրեսը՝ 1980-ականներին ժողովրդավարության վերականգնումից ի վեր։ Բոլսոնարուի «Լիբերալ կուսակցությունը»՝ իր դաշնակիցների հետ միասին, կարող է վերահսկել ավելի քան 280 տեղ Ներկայացուցիչների պալատում և մինչև 50 տեղ՝ Սենատում, ինչը նրանց ապահովում է հարմարավետ մեծամասնություն երկու պալատներում էլ։

Русский