Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը շեշտել է Ֆոլկլենդյան կղզիների բրիտանական ինքնիշխանությունը՝ ի պատասխան Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի՝ Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիներում նավթային նախագծեր իրականացնող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքի։
Ուրբաթ օրը հանրությանն ուղղված իր ուղերձում Միլեյը հայտարարել էր, որ Ֆոլկլենդյան կղզիներում նավթի արդյունահանման նախագծեր իրականացնող ընկերությունները ռազմավարական սպառնալիք են ներկայացնում Արգենտինայի շահերի համար։ Նա նաև նշել էր Պաշտպանության նախարարության ռեսուրսների ընդլայնման մասին՝ Հուրեայի Տիերրա դել Ուեգոյում ինտեգրված ռազմածովային բազա ստեղծելու համար։
«Միլեյի երեկվա հայտարարությունը մեզ ավելի շատ բան է պատմում Արգենտինայի ներքին քաղաքականության մասին, քան Ֆոլկլենդյան կղզիների մասին։ Ֆոլկլենդյան կղզիները բրիտանական են, քանի որ կղզու բնակիչներն իրենք են ընտրել բրիտանացի լինելը։ Մեր նվիրվածությունը Ֆոլկլենդյան կղզիներին բացարձակ և անսասան է», - գրել է Սթրիթինգն X-ում։
Արգենտինայի և Միացյալ Թագավորության կառավարությունները երկարատև վեճ ունեն Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների նկատմամբ սուվերենության վերաբերյալ։ 1982 թվականին երկու երկրների միջև պատերազմ էր սկսվել, որը տևել էր մի քանի շաբաթ և ավարտվել Բուենոս Այրեսի պարտությամբ։ 2013 թվականին կղզիներում անցկացվել էր հանրաքվե, որի արդյունքում տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը քվեարկել էր Մեծ Բրիտանիայի արտասահմանյան տարածքի կարգավիճակը պահպանելու օգտին: Արգենտինայի կառավարությունը հայտարարել էր, որ հանրաքվեի արդյունքը չի ազդի կղզիների նկատմամբ Արգենտինայի տարածքային պահանջների վրա:

Русский