«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները ամեն բան անելու են, որպեսզի մինչև 2026 թվականի ընտրությունները իրենց կողքից «հեռացնեն» այն անձանց, որոնք խանգարում են կամ ռեյտինգ չունեն։
Իշխանությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստում հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ բոլորը իրենց խոսքի և արարքի համար պատասխանատվություն կրեն։
Այսուհետ յուրաքանչյուր ելույթ մանրադիտակով վերահսկվելու է, և ով իր վարքով կամ հայտարարություններով կվարկաբեկի ՔՊ-ին, մինչև նախընտրական շրջանը կհեռացվի։
Դրա վառ օրինակն է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի վերջին հայտարարությունը, որի պատճառով նրան հրավիրել են ՔՊ վարչություն և հայտնել, որ նրա խոսքն ու հանրային ելույթները դարձել են ՔՊ-ի վարկաբեկման թեմա, ինչի արդյունքում նա պետք է հրաժարական ներկայացնի։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հունանյանը հայտնվել է շատ ծանր վիճակում, անակնկալի է եկել թիմակիցների հայտարարությունից, տեղում պատասխանել է իրեն ուղղված հարցերին ու հեռացել, իսկ արդեն հաջորդ առավոտյան ներկայացրել է հրաժարականի դիմում։
Բացի այդ, Հունանյանին հորդորել են հրաժարվել նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելուց՝ հայտնելով, որ չի թույլատրվելու իրեն մասնակցել։ Հունանյանը այժմ ծանր հոգեվիճակում է, շոկի մեջ, քանի որ թիմից նման վերաբերմունք չի սպասել։
Հիշեցնենք նաև, որ նույն պաշտոնից սմս-ով հրաժարական է տվել նաև Նարեկ Զեյնալյանը, որից հետո հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է Լուսինե Բադալյանը։
Սակայն այսօրվա դրությամբ միակ թեկնածուն, որն նպատակ ուներ դառնալ այդ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Զարուհի Բաթոյանն է։ Վերջինիս ՔՊ-ն նախկինում մերժել էր՝ ընտրելով Հռիփսիմե Հունանյանին, և այժմ կրկին հայտնվել են «կոտրած տաշտակի» առաջ։
Չի բացառվում, որ Լուսինե Բադալյանի թեկնածությունը ևս քննարկվի հանձնաժողովի նախագահի պաշտոնում»։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս տեղեկացանք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հետաձգած Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում՝ փետրվարի 16-19-ը։
Այս որոշումը վատ դրության մեջ է դրել իշխանություններին, որոշ տեղեկություններով՝ նրանք ուղիներ են փնտրում, փորձելով խոչընդոտել ժողովի իրականացումը, ինչպես դա եղավ անցած տարեվերջին, երբ դեկտեմբերի 10-12-ը հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է քննարկեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները, ավելի կոնկրետ՝ տասը տիրադավներին թեմական առաջնորդությունից զրկելու հարցը, հետաձգվեց։
Մայր Աթոռը հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով։ Մեզ էլ տեղեկություններ էին հասել, որ ԱԱԾ-ի միջոցով են ճնշումներ գործադրվել՝ ընդհուպ Վեհափառին սպառնացել են, որ եթե ժողովը կայանա, Հայաստան ժամանած թեմական առաջնորդներն այլեւս չեն կարողանա վերադառնալ իրենց թեմեր:
Այդ օրերին գրեցինք նաեւ, որ խոչընդոտել էին վիրահայոց թեմի առաջնորդի՝ Հայաստան մուտքը, Բագրատաշենից նրան հետ ուղարկելով։ Հիմա նոր ճնշումներ են սկսվել: Երեկ Փաշինյանի տիրադավների խորհուրդը կոչ արեց` չեղարկել Եպիսկոպոսաց ժողովը: Ուղիներ են որոնում, որ թույլ չտան հոգեւորականների մեկնումը Հայաստանից։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին էկոնոմիկայի նախարարությունը «աչքալուսանք» տվեց, թե Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի արտադրության ամենամեծ գործարանը: Նշվում է, որ երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի:
Կարծես այստեղ պետք էր բղավել «ուռա՜»: Ի վերջո, վերջին ութ տարվա ընթացքում աղքատության այսպիսի աննախադեպ չափերի հասած Հայաստանում ցանկացած նոր արտադրություն, ցանկացած նոր աշխատատեղ կարևոր նշանակություն ունի: Եվ, իհարկե, շատ գովելի ու հաճելի է, որ Հայաստանում նման կարգի ներդրում է արվում: Բայց... Պարզվում է, որ համանման տեքստ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է նաև 2023 թվականի օգոստոսի 18-ին: Այն ժամանակ նշվում էր, որ «առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը»։ Երկուսուկես տարի անց գործարանը դեռևս «կառուցվող» է, և դա փաստորեն իշխանությունների համար հիանալի առիթ է նախընտրական շրջանում հերթական PR անելու համար, ընդ որում՝ սպասվող աշխատատեղերի թիվը ձեռքի հետ ավելացնելով 500-ով: Եթե 2023 թ. տեքստում նշվում էր 1500 աշխատատեղ, ապա «թարմ» տեքստում այն արդեն 2000 է:
Հաշվի առնելով, թե նախորդ տարիներին նախընտրական փուլերում ինչ գործարաններ են «բացել» քպականները, սոցցանցերի օգտատերերը նաև կանխատեսում էին, որ մինչև հունիս 7-ը նման PR հաղորդագրություններ շատ կլինեն: Այսինքն, գործարարների ներդրումները իշխանությունները կներկայացնեն որպես իրենց աշխատանքի արդյունք: Էլ չենք խոսում ֆեյք «գործարանների» մասին: Ու պատահական չէ, որ շատերը նույնիսկ կատակում էին, թե գուցե նույնիսկ «Սեպուհ 1»-ի, հայկական հեռուստացույցների, լվացքի մեքենաների, գազի բալոնների գործարանների կրկնակի, որոշ դեպքերում՝ եռակի «բացման» ականատես լինենք...

Русский