Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանը նախապատրաստում է Սոթքի հանքի շահագործումը

Blog Image

Սոթքի ոսկու հանքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում վերջին ամիսներին աշխատանքներն աստիճանաբար մտնում են ավելի ակտիվ փուլ։

Ադրբեջանի պետական «AzerGold» ընկերությունը հայտնել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 7-ին Սոյուդլուի (Զոդի)` հայկական անվանումը՝ Սոթք, ոսկու հանքավայրում իրականացվել է առաջին հորատապայթեցման աշխատանքը։ Ընկերությունը այն ներկայացնում է որպես հանքավայրի շահագործման նախապատրաստման կարևոր փուլ։
 
«AzerGold»-ի տվյալներով՝ հանքավայրում 2025 թվականի օգոստոսից իրականացվում են երկրաբանական ուսումնասիրություններ, տեղագրական աշխատանքներ և հորատումներ։ Վերջին պաշտոնական տվյալներով՝ հորատման ընդհանուր ծավալը հասել է 18 հազար մետրի։
 
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը MediaHub-ին ասաց, որ մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, հանքավայրն ամբողջությամբ պատկանում էր Հայաստանին։ «Պատերազմից հետո հանքավայրը բաժանվեց 2 մասի։ Ես տեղյակ չեմ թե իրականում ինչ է կատարվում հանքավայրի Ադրբեջանին անցած տարածքում, սարի մյուս կողմում են։ Իսկ մեր կողմում այս պահին անխոչնդոտ աշխատում ենք։ Սոթքի բնակիչների մի մասն աշխատում է այդ հանքավայրում»,- նշեց վարչական ղեկավարը։  
 
Խաչատրյանը նաև ասաց, որ ադրբեջանցիների կողմից որևէ  կոնֆլիկտ չի հիշում վերջին շրջանում։
 
Մինչև 2020 թվականի պատերազմը Սոթքը Հայաստանի խոշորագույն գործող ոսկու հանքավայրերից էր։ Հանքաքարը տեղափոխվում էր Արարատի ոսկու կորզման գործարան, որտեղ իրականացվում էր դրա վերամշակումը։ Միայն 2019 թվականին հանքի գործունեությունից ստացված եկամուտը, կազմել էր մոտ 126 միլիոն դոլար։ Բաց աղբյուրներում այդ թիվը 2020-ից հետո չի հրապարակվել։ Չնայած հայկական կողմի պնդումներին, թե հանքավայրը 2 երկրների միջև կիսվել է հավասարաչափ, ադրբեջանական աղբյուրները նշում են, որ հանքավայրի մոտ 74-76%-ն Ադրբեջանի տարածքում է, իսկ մոտ 24-26%-ը՝ Հայաստանում։
 
Այսպիսով, պաշտոնական ադրբեջանական տվյալները ցույց են տալիս, որ Սոթքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում աշխատանքները վերջին մեկ տարվա ընթացքում անցել են մի քանի փուլով՝ երկրաբանական ուսումնասիրություններից և հորատումներից մինչև հանքավայրի շահագործման նախապատրաստում և առաջին հորատապայթեցում։

Թե երբ կսկսվի հանքի ամբողջական արդյունաբերական շահագործումը, «AzerGold»-ի վերջին հաղորդագրությունը հստակ ժամկետով չի նշում։

Send