Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց համար իրավունքների պաշտպանությունը միայն օրենքների ու ծրագրերի մասին չէ։ Այն առաջին հերթին մարդու կողքին լինելու, նրա խնդիրները լսելու և լուծումների պահանջը հետևողականորեն բարձրաձայնելու մասին է։
«Փախստականների Երևանի համայնքային խորհրդի» գործունեության առաջին տարվա ամփոփիչ նիստն ավարտվել է։ Այս աշխատանքն իրականացվում է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում, որի մասնակիցներից է նաև Արցախից բռնի տեղահանված Սոնա Ադամյանը։
«Խնդիրները բազմաթիվ են, իսկ ակնկալիքները՝ առավել ևս։ Եվ երբ ակնկալիքները երկարաձգվում են, իսկ պատասխանների փոխարեն կուտակվում են նոր հարցեր, բախումն անխուսափելի է դառնում՝ երբեմն մարդու ներաշխարհում, երբեմն՝ մարդկանց միջև։ Մեկ տարվա աշխատանքի արդյունքները գնահատելիս գուցե երբեմն թվա, թե տեսանելի ու շոշափելի արդյունքները քիչ են։ Բայց կա մի հանգամանք, որն ավելի վտանգավոր է, քան դանդաղ առաջընթացը՝ դա ոչինչ չանելն է»,- MediaHub-ին ասաց Սոնա Ադամյանը։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից։ Այն ուղղված է Արցախից տեղահանված մարդկանց աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցով։
«Գուցե միշտ չէ, որ կարող ենք փոխել իրավիճակը։ Գուցե միշտ չէ, որ մեր առաջարկներն անմիջապես վերածվում են որոշումների։ Բայց մենք միշտ կարող ենք ընտրել՝ լինել այդ իրավիճակի կողքին կանգնած մարդ, թե պարզապես դիտորդ։ Պարտավոր ենք չհեռանալ այն մարդկանցից, որոնց հետ կիսում ենք նույն պատմությունը, նույն կորուստների հիշողությունը և նույն ապագայի հանդեպ պատասխանատվությունը։ Լինել հայրենակիցներիդ կողքին՝ անկախ նրանից, թե որտեղ ես գտնվում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Русский