«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ Դատական դեպարտամենտում որոշում է կայացվել աղմկահարույց քրեական գործերով, հատկապես սպանությունների վերաբերյալ վարույթներով դատական նիստերն անցկացնել ուժեղացված ծառայության պայմաններում։Պատճառը համակարգում առկա մտահոգությունն է, որ նման գործերով տուժողների և մեղադրյալների միջև բախումները դատարաններում կարող են դառնալ ավելի հաճախակի և անկանխատեսելի։ Մասնավորապես, դատական համակարգում չեն բացառում, որ աղմկահարույց սպանությունների գործերով լարվածությունը կարող է վերածվել բացահայտ բախումների, ինչպես դա տեղի ունեցավ երեկ Չարենցավանում։ Այդ պատճառով որոշվել է խստացնել ծառայությունը՝ հնարավոր միջադեպերն ու բախումները կանխելու նպատակով։
Հիշեցնենք, որ երեկ Չարենցավանի դատարանում ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Աբովյան քաղաքի կանգառի մոտ տեղի ունեցած սպանության գործով դատական նիստը անցել է ծայրահեղ լարված մթնոլորտում։ Ըստ տեղեկությունների՝ նիստի ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչների և մեղադրյալների միջև ծեծկռտուք է սկսվել։ Իրավիճակն այնքան է սրվել, որ դատավորը չի կարողացել այն վերահսկել, և դատարան են շտապել իրավապահ ուժերը։
ՆԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ ծեծկռտուքի դեպքով կա 31 ձերբակալված։ Բացի այդ, բախումը կանխելու փորձ կատարած դատական կարգադրիչներից մի քանիսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»։
«Փաստ» թերթը գրում է.
«Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնելու գրավչությունը և այդ զինծառայողներին հետագայում ևս պայմանագրային զինվորական ծառայության մեջ թողնելու հնարավորությունը մեծացնելու նպատակով, օրենքով սահմանվել է կնքված առաջին հինգ տարի ժամկետով պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով այդ զինծառայողների կողմից երկու կամ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում ևս պատվովճար հաշվարկելու հնարավորություն:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողի հետ կնքված պայմանագիրը համարվում է առաջին պայմանագիր, իսկ 33-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ պայմանագրային զինծառայողի կողմից պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կամ նույն հոդվածի 1-ին մասում նշված այլ հիմքերով կնքված պայմանագիրը համարվում է հերթական պայմանագիր:
Օրենքի պահանջներն իրացնելու նպատակով «Պաշտպան հայրենյաց» ծրագրում առաջարկվում է երկու տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում պատվովճարի չափը սահմանել 1 մլն 500 հազար դրամ, իսկ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում պատվովճարի չափը սահմանել 5 մլն դրամ (որպեսզի զինծառայողները նախապատվություն տան հինգ տարի ժամկետով հերթական պայմանագրի կնքմանը):
Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների ուսումնական փուլի հետ կապված փոփոխությունները և «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացը դյուրինացնելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու զեկուցագիր ներկայացնելու հնարավորությունը պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալու փոխարեն սահմանել պարտադիր զինվորական ծառայության առաջին 4 ամիսը լրանալու դեպքում:
Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության ընդունման պայման հանդիսացող դրույթը համապատասխանեցնել պայմանագրային զինծառայողների ատեստավորմանը վերաբերող՝ օրենքով կատարված փոփոխությանը:
«Հրապարակ» թերթը գրում է․
Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը, ըստ իշխանական աղբյուրների, ծրագրվել է Արեւմուտքի դրդմամբ, որտեղից Փաշինյանին պարտադրում են օր առաջ լուծում տալ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցին։
Սրանով է պայմանավորված, որ հանդիպումը նախաձեռնվել է Փաշինյանի խնդրանքով, ինչի մասին նա խոստովանեց վերջին բրիֆինգում։ Այն բանից հետո, երբ ՌԴ-ից կոշտ արձագանքեցին երկաթուղու հետ կապված ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ չի բանակցում, Փաշինյանին արտաքին տերերը դրդեցին մեկնել Մոսկվա եւ լուծում տալ խնդրին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը մարտի 26-ին հայտնել էր, որ Երեւանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ։ Թե ինչ բանակցություններ են ընթացել Պուտինի եւ Փաշինյանի միջեւ, առայժմ հայտնի չէ։

Русский