«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ ոչ միայն ցանկանում են, որ Վեհափառն իրենց կողմից ընտրված լինի, այլ նաև փորձում են Հայ առաքելական եկեղեցու գույքին «տիրանալ»
Բանն այն է, որ ՔՊ-ականները Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ նոր նախագիծ են բերել Ազգային ժողով։
Իշխանությունը որոշել է վերահսկել Հայ առաքելական սուրբ եկեղեցու հովանու տակ գտնվող սեփականությունը ներկայացնելով օրենսդրական մի փոփոխություն, որը հիմնականում վերաբերում է եկեղեցապատկան հուշարձաններին։
Նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը, որը կոչվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։
Թագուհի Ղազարյանը նախագիծն ԱԺ ամբիոնից ներկայացնելիս հայտարարեց, որ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած 3-րդ անձի հատուցմամբ կամ անհայտույց օտարել՝ բացառապես ՀՀ կառավարության համաձայնությամբ։
Ըստ նախագծի կառավարությունը կարող է կա՛մ տալ համաձայնություն, կա՛մ չտալ, եթե տեսնում է ռիսկ, որ տվյալ գույքը կարող է օգտագործվել ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային նշանակությամբ։
Ղազարյանը նշեց, որ այս նախագիծը հիմնականում կապ ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, քանի որ ամենից շատ պատմամշակութային հուշարձաններ սեփականության իրավունքով տիրապետում է հենց նա։
ՔՊ–ական պատգամավորի տվյալներով եկեղեցու տիրապետման տակ կա ավելի քանի 360 հուշարձան, որոնց մեջ են նաև այն եկեղեցիները, որոնք չունեն հուշարձանի կարգավիճակ։ Ըստ նրա հուշարձանի կարգավիճակ չունեն նաև 2010 թվականից հետո կառուցված եկեղեցիները, որոնց ցանկը ՀՀ կառավարությունը հնարավոր է վերանայի և հուշարձանի կարգավիճակ տա։
Նախագծի ստեղծման հիմքում կարծես թե պատգամավորների համար մեծ դեր է ունեցել Մասյացոտնի թեմի առաջնորդը։
Քանի որ հարցին թե արդյոք գույքի օտարման նախադեպեր եղել են, որ նման նախագիծ մշակելու անհրաժեշտություն է առաջացել, Ղազարյանը նախադեպեր չնշեց, սակայն վստահեցրեց, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյան ասել է դրա մասին, սակայն ոչ փաստարկված։
Պատգամավորը հիշեց նաև Սուրբ գեղարդի մասին, ինչպես նաև մեջբերեց Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքերը հայտարարելով, որ սա ևս հիմք է հանդիսացել այս նախագծի ստեղծման համար։
Բանն այն է, որ իշխանությունը նաև փորձում է արդեն ամրացված կապեր կտրել։
Հայր Ասողիկը Գեղարդից ինչ-որ մասնիկ ռուս ուղղափառ եկեղեցուն նվիրվելու մասին ասել էր հիշեցնելով, որ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են և նվիրելու են։
Այս գործի շրջանակներում Տեր Ասողիկը հարցաքննվել էր։ Այս ամենին զուգահեռ ՔՊ–ականներին վրդովվեցրել էր տեր Ասողիկի այն հայտարարությունը, որ Սուրբ գեղարդի մասունքն ընծայելը բացառապես եկեղեցու իրավունքն է, և որևէ մեկն այդտեղ ասելիք, անելիք չունի. եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց և եկեղեցին գիտի` ինչ է նվիրում։
Փաստացի իշխանությունն ուզում է սա ևս իր ձեռքի տակ առնել և ունենալ լիիրավ տիրապետում ոչ միայն անձերի, այլև առարկաների նկատմամբ»։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արցախին նվիրված «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը, որի շրջանակներում կայացավ մեծ ցուցահանդես, ինչպես նաև խոշոր համերգ։ Միջոցառումը մեկ հարկի տակ էր հավաքել Արցախի մշակութային կոլեկտիվներին, բազմաթիվ հայտնի մենակատարների Արցախից և Հայաստանից։ Արցախի բռնի հայաթափումից ի վեր սա ամենամեծ մշակութային միջոցառումն էր. այն ունեցել է 400-ից ավելի մասնակից և 9000-ից ավելի հանդիսատես։
Մեր տեղեկություններով, սակայն, միջոցառումը կյանքի է կոչվել մեծ դիմադրության արդյունքում։ Իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով փորձել են արգելել դրա անցկացումը։ Մարզահամերգային համալիրի տնօրինությունն, օրինակ՝ պարտադրել է, որ հովանավորների անունները չնշվեն, Արցախի օրհներգը չկատարվի (ՄՀՀ տնօրենը երեկ ասում էր, թե «Արցախի պետական օրհներգը չի կարող հնչել, եթե պետությունը չկա»), զինանշանը ոչ մի տեղ չօգտագործվի։ Բարձր գին է սահմանվել տարածքի վարձակալության համար։ Բայց, չնայած բոլոր դժվարություններին, միջոցառումը կայացել է. ցուցահանդեսը չափազանց տպավորիչ էր, իսկ երեք ու կես ժամ տևողությամբ համերգը՝ ոգևորիչ ու հուզիչ։ Ի դեպ, մինչև տասը հազար հանդիսատես տեղավորող դահլիճում գրեթե չեն եղել ազատ տեղեր։
Ի դեպ, համերգային ծրագիրը եզրափակող Ներսիկ Իսպիրյանը հայտարարել է՝ Արցախը հետ ենք բերելու։ Նման հայտարարությունները միաժամանակ բարկացնում են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանություններին։ Ուստի, զարմանալի չէ, որ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արել է, որ այս համերգը կյանքի չկոչվի՝ գուցե փորձելով հերթական անգամ հաճոյանալ ու չզայրացնել հարևան երկրի ղեկավարին և ցույց տալ, որ հավակնություններ չունի Արցախի մասով։ Բայց միասնական կամքի դրսևորման արդյունքում հերթական անգամ հնչել է Արցախի անունը և վերահաստատվել, որ անհնար է ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունը։

Русский