Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի եվրոպացի առաջնորդների առաջարկել է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի կարգավորման շուրջ քննարկումներում երրորդ կողմերից կախվածությունից խուսափելու համար։ Ֆրանսիացի առաջնորդը այս մասին հայտարարել է «Süddeutsche Zeitung»-ին տված հարցազրույցում։
Մակրոնի խոսքով՝ Եվրոպայի աշխարհագրական դիրքը չի փոխվի, «անկախ նրանից՝ մենք սիրում ենք Ռուսաստանը, թե ոչ», և որ այն «մեր դռան մոտ է»։
«Ահա թե ինչու ես մի քանի եվրոպացի գործընկերների առաջարկեցի վերսկսել երկխոսությունը։ Ոմանց համար դեռ շատ վաղ էր իրենց դիվանագիտական խորհրդականներին ուղարկելու համար, ինչպես մենք արեցինք», - ասել է նա։
Ըստ Մակրոնի՝ Փարիզը վերականգնել է Մոսկվայի հետ երկխոսության ալիքը «տեխնիկական մակարդակով»։ Ելիսեյան պալատի ղեկավարը հույս է հայտնել, որ ԵՄ-ն կունենա «կազմակերպված եվրոպական մոտեցում» Ռուսաստանի հետ շփումների հարցում։
«Չպետք է չափազանց շատ զրուցակիցներ լինեն. անհրաժեշտ է մանդատ, պարզ ներկայացուցչություն. կտեսնենք, թե ինչպես կկազմակերպվենք, բայց պետք է հնարավորություն լինի վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Ինչո՞ւ։ Որովհետև երբ խաղաղություն գա, այդ խաղաղությունը կտարածվի նաև Եվրոպայի վրա», - ընդգծել է Էմանուել Մակրոնը։

Русский