Այսօր՝ փետրվարի 9-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Land Rover» մակնիշի ավտոմեքենան Երևսն-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ իրականացնող «Թալին» ճանշինի աշխատակցին, ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող հատուկ ավտոմեքենայի հետնամասին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները վիրավորին մինչև «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արդյոք վրաերթի ենթարկվածը Թալինի ճանշինին պատկանող տրանսպորտային միջոցի վարորդն է, թե ուղևորը, դա նույնպես պարզվում է։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց, իսկ մի քանի քաղաքացիներ էլ հակառակն էին պնդում՝ ասելով, որ ճանապարհը եղել է անցանելի

Русский