Ֆրանսիայի կառավարության խոսնակ Մոդ Բրեխոնը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա 2027 թվականի ապրիլի 18-ին։
Երկրորդ փուլը նշանակվել է 2027 թվականի մայիսի 2-ին։
Մոտ 20 քաղաքական գործիչ արդեն հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, այդ թվում՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ և նախագահական սոցիալ-լիբերալ «Վերածնունդ» կուսակցության ղեկավար Գաբրիել Ատալը և կենտրոնամետ «Հորիզոններ» կուսակցության նախագահ Էդուար Ֆիլիպը։
Նախկին ներքին գործերի նախարար և «Հանրապետականներ» կուսակցության առաջնորդ Բրունո Ռետայլոն նույնպես որոշել է առաջադրվել։ Ծայրահեղ ձախակողմյան «Անսասան Ֆրանսիա» կուսակցության հիմնադիր Ժան-Լյուկ Մելանշոնը 4-րդ անգամ է հայտարարել իր թեկնածության մասին։
Աջակողմյան ազգայնական «Ազգային միավորում» կուսակցության թեկնածուն կհայտարարվի հուլիսի 7-ին՝ Ազգային ժողովի համանուն խմբակցության նախագահ Մարի Լը Պենի դեմ գործով վերաքննիչ դատարանի որոշումից հետո: Եթե վերաքննիչ դատարանը հաստատի Եվրախորհրդարանից միջոցները ենթադրաբար յուրացնելու համար մեղադրվող Լը Պենի որակազրկումը, կուսակցության նախագահ Ժորդան Բարդելան կդառնա նախագահի թեկնածու։
Հարցումների համաձայն՝ Բարդելան 2027 թվականի նախագահական ընտրությունների ամենապոպուլյար թեկնածուն է։
Գործող նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողանա մասնակցել ընտրություններին, քանի որ նա իր երկրորդ ժամկետն է անցկացնում։

Русский