Օրերս սոցիալական մեդիայում սյունեցի օգտատերերի կողմից տեղեկություն է տարածվել, թե իբր սահմանամերձ Տեղ բնակավայրում ադրբեջանցի է հայտվել, նկարահանումներ իրականացրել։ Մեկնաբանությունների դաշտում հանրության մի մասը հերքում էր, մյուսները պնդում էին՝ թե տեսել են նրան։
MediaHub-ն այսօր կապ է հաստատել Տեղ գյուղի բնակչուհու հետ։ Վերջինս ասաց, որ գյուղում 2 օր է խոսում են այդ մասին. «Ես անձամբ չեմ տեսել, գյուղի ծայրամասում եմ ապրում, տանից հիմնականում դուրս չեմ գալիս։ Տեղում խոսում են այդ մասին։ Մեկն ասում է տեսել եմ՝ զենքով է եղել, մյուսն ասում է՝ լսել եմ»:
Թե որքանո՞վ է այս ամենը համապատասխանում իրականությանը, մենք դիմեցինք Տեղի վարչական ղեկավարին։ Դավիթ Ղուլունցն ասաց․ «Նման հասկացողություն չկա, ժամանակ էլ չկա խոսելու, դիմեք ուրիշ տեղի»։
Ամեն դեպքում, ըստ Տեղի բնակչուհու՝ վերջին մեկ տարում գյուղի և սահմանամերձ մյուս բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, ինչպես դա ակնհայտ էր նախկինում։
«Անկեղծ ասած նախկինի պես կրակոցներ չկան մեր ուղղությամբ, մեկ-մեկ պայթյունների ձայներ ենք լսում, ասում են թունելներ են կառուցում՝ Բերձորից՝ Քարվաճառ ուղղությամբ»,- ասաց բնակչուհին։
Հիշեցնենք, որ երեկ էլ ադրբեջանցի մի օգտատեր տեսանյութ է տարածել Գեղարքունիքի մարզից, որտեղ Դրախտիկ գյուղը ներկայացրել է «Թոխլուջա» անունով։

Русский