Խորհրդարանում տեղի ունեցող բախումներն ու ծեծկռտուքներն արտասովոր երևույթ չեն. նույնիսկ էլ ավելի ուժեղ ընդհարումներ են լինում, քան այն, որին այսօր ականատես եղանք հայրենի Ազգային ժողովում։
Բայց սովորաբար ցանկացած տեղ ծեծկռտուքն ունենում է հստակ պատճառ, որը բխում է հակընդեմ օրակարգերից։ Այսինքն՝ այդ ծեծկռտուքները հիմնականում ունենում են քաղաքական բնույթ։ Իսկ մեզ մո՞տ։ Կա՞ մեկը, որը հստակ կարող է ասել, թե քաղաքական որ տարաձայնությունը հանգեցրեց նման «հակամարտության», մոտեցումների ինչպիսի՞ հակասություն առաջացավ, որ լեզուն այլևս անզոր էր այն հաղթահարել, ու ստիպված օգնության հասավ բռունցքը։
Ոչ, որևէ մեկը չի կարող ընդգծել այսօրվա ծեծկռտուքի քաղաքական պատճառը, ոչ թե այն պատճառով, որ բոլորին շարժառիթի փոխարեն հետաքրքրում է միայն հետևանքը, այլ պարզապես այսօրվա բախման հիմքում քաղաքական ոչինչ չկար։ Կար միայն «լավ տղա» երևալու ցանկություն, դեռահասության տարիքին բնորոշ ինքնահաստատման մղում, թեպետ կան մարդիկ, որոնք ինքնահաստատվում են ողջ կյանքի ընթացքում։ Եվ ահա ինքնահաստատման այդ գիտակցությունն էլ հանգեցրեց ծեծկռտուքի, որից ՀՀ քաղաքացիները ոչ մի օգուտ չունեցան, նույնիսկ չիմացան էլ, թե ինչու է մեկը մյուսին հարվածում բռունցքով։
Ժամանակին Վանո Սիրադեղյանը գրեց «Գյադաների ժամանակը», որում բնութագրվում էր քաղաքական այնպիսի մի վիճակ, որը զուրկ է գաղափարախոսությունից ու քաղաքական խոսույթից։ Տրամաբանորեն «գյադաների ժամանակ»-ից հասարակությունը չի կարող որևէ օգուտ ունենալ, սակայն, կարծես թե, այնուամենայնիվ, ինչ-որ օգուտ այսօրվա ծեծկռտուքից եղավ։
Հին Հռոմում մարդիկ վճարում էին, որպեսզի տեսնեն գլադիատորական մարտեր։ Որքան էլ աշխարհը քաղաքակրթվի, ամեն դեպքում նման տեսարանները միշտ հետաքրքրել են մարդկանց, քանի որ մարդկությունը Եվայի առաջարկած խնձորն ուտելուց առ այսօր առանձնապես չի փոխվել։ Հետևաբար՝ ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացիները զրկված լինեն այն տեսարաններից, որոնցով հիանում էին Հռոմեական կայսրության քաղաքացիները։
Եթե մենք մեր հարկերից վճարում ենք պատգամավորներին, որոնք ազգային ոչ մի հարց չեն լուծում, ոչ մի արժեք չեն արարում, և որոնց օգտակարության գործակիցն աստիճանաբար հավասարվում է զրոյի, ապա թող գոնե ժամանակ առ ժամանակ ծեծեն միմյանց. այդպիսով մի փոքր կարդարացնեն մեր կողմից վճարվող գումարները։ Մենք էլ, զրկված լինելով խորհրդարանում գաղափարական պայքար տեսնելու ակնկալիքից, գոնե կհետևենք այդ ծեծուջարդի՝ երբեմն շատ հաջողված դրվագներին։
Կարեն Կարապետյան

Русский