«Փաստ» օրաթերթը գրում է. Շուշիում կայացած գլոբալ մեդիաֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունները հերթական անգամ բացահայտում են այն խոր մտահոգությունները, որոնք թշնամի պետության ղեկավարն ունի հայկական գործոնի և միջազգային ազդեցության նկատմամբ։
Մասնավորապես, Ալիևն իր ելույթում դժգոհություն է հայտնել միջազգային տարբեր կառույցներից ու գործիչներից, այդ թվում՝ Եվրամիության արտաքին գործերի նախկին նախարար Ժոզեպ Բորելից և Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյից, որոնք ժամանակին պահանջել էին բացել Լաչինի միջանցքը կամ Արցախի շրջափակումն ու հայերի բռնի տեղահանումը որակել որպես ցեղասպանություն։
Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե իբր Օկամպոյին ֆինանսավորել է «ռուսահայ օլիգարխը», որն այժմ տնային կալանքի տակ է գտնվում Հայաստանում։ Թեև Ալիևն անուններ չի տվել, սակայն Նարեկ Կարապետյանի արձագանքից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է հենց Սամվել Կարապետյանին։ Անշուշտ, այն ամենը, ինչ յուրաքանչյուր ազգի ու պետության համար պետք է հպարտանալու և սեփական շահերն առաջ մղելու բացառիկ առիթ լիներ, այսօր Հայաստանում վերածվել է քաղաքական հետապնդման թիրախի։ Ցանկացած նորմալ պետություն կհպարտանար նրանով, որ ունի այնպիսի կշիռ և հնարավորություններ ունեցող հայ գործարար, որն ի վիճակի է միջազգային ամենաբարձր մակարդակներում ստեղծել ու պահպանել այնպիսի կապեր, որոնցից անհանգստանում և երկյուղում են անձամբ թշնամի երկրի ղեկավարն ու Հայաստանի բազմաթիվ հակառակորդները։
Սակայն իրականությունն այլ է. այսօր հայկական պետական մեքենան, փոխանակ օգտագործելու այդ հսկայական ներուժը՝ հանուն համազգային շահերի, այդ նույն մարդուն պահում է տնային կալանքի տակ, սահմանափակում է նրա ազատությունները և պետական ողջ համակարգի գործադրմամբ ուղղակի տեռորի է ենթարկում նրան ու նրա բիզնեսները։ Սա ոչ միայն հարված է ազգային անվտանգությանն ու հանրային համերաշխությանը, այլև հերթական ապացույցն է այն բանի, թե ինչպես է ներկայիս իշխանությունը սեփական քաղաքական հաշվեհարդարները գերադասում պետական շահերից՝ փաստացի ջուր լցնելով թշնամու ջրաղացին։
«Հրապարակ» թերթը գրում է․ Ընտրությունների թանաքը դեռ չչորացած՝ իշխանությունը նախապատրաստվում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին։ Թեկնածուների փնտրտուքը սկսված է․ ոմանք արդեն քարոզարշավ են իրականացնում, առաջիկա շաբաթներին կակտիվանան տարածքային շտաբները։
Սյունիքի 3 խոշոր համայնքներում է ընտրություն լինելու՝ Գորիսում, որին միանալու են Տեղ եւ Տաթեւ համայնքները, Կապանում, Մեղրիում։ Մեղրիում թեկնածուն կարծես հայտնի է Սամվել Բաբայանի նախկին թիմակից, ՔՊ արտագաղթած գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանն է, որը համայնքապետարանի էջով քարոզարշավ է իրականացնում: Բոլոր գրառումները սկսվում են՝ «համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի նախաձեռնությամբ»։
Թեպետ չեն բացառում, որ լավ թեկնածու գտնելու դեպքում ՔՊ-ն հրաժարվի նրանից, քանի որ Անդրեասյանը, ասում են՝ ջերմ հարաբերություններ ունի նախկին քաղաքապետ, երբեմնի ընդդիմադիր Մխիթար Զաքարյանի հետ, որն այս ընտրություններում, ըստ լուրերի, ՔՊ-ին չի աջակցել, ընտանիքն աշխատել է Կարապետյանի համար։
Գորիսի հարցում էլ չկա վերջնական որոշում․ չնայած Առուշին դեմ չեն, բայց ուզում են նրան վերահսկող թեկնածու էլ առաջադրել մաքուր ՔՊ-ական: Հավակնություններ ունի Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը:
Կապանում դեռ անորոշություն է։ Հնարավոր է բոլոր համայնքներում Գյումրու օրինակով փրայմերիզ անեն` իբր հասարակությունն է որոշում ՔՊ թեկնածուներին։

Русский