Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Նարեկը չգիտեր, որ քայլելը մի օր կդառնա մարտահրավեր․ 9-ամյա տղայի մեծ պայքարը

Մանկությունը պետք է լի լինի խաղերով, շարժումով ու երազանքներով։ Իննամյա Նարեկի համար էլ ամեն ինչ հենց այդպես էր․ ակտիվ երեխա էր, քայլում էր, վազում, ապրում իր տարիքին բնորոշ առօրյայով՝ չպատկերացնելով անգամ, որ մի օր սեփական մարմնի հետ պայքարն իր կյանքի ամենամեծ մարտահրավերներից է դառնալու։

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ բնակավայրում ապրող Նարեկի կյանքում առաջին անհանգստացնող փոփոխությունները ծնողները նկատել են քայլվածքում։ Երեխան սկսել է սովորականից շուտ հոգնել, հաճախ է ուզել, որ իրեն գրկեն։ Այդ թվացյալ փոքր փոփոխությունն էլ ստիպել է ընտանիքին դիմել բժշկի։

Ընտանիքը սկզբում չի էլ պատկերացրել, որ այս՝ սովորական թվացող փոփոխությունների հետևում կարող է լուրջ հիվանդություն լինել։ Սակայն հետազոտություններից հետո ընտանիքը լսել է տղայի ախտորոշումը, որը փոխել է Նարեկի ու նրա հարազատների կյանքի ընթացքը՝ Դյուշենի մկանային դիստրոֆիա։

Այս հիվանդության դեմ պայքարը միայն առօրյա դժվարությունները հաղթահարելու մասին չէ։ Նարեկի ընտանիքն այսօր ժամանակի հետ մրցելու խնդիր ունի։ Երեխայի բուժման համար անհրաժեշտ է գենային թերապիա, որի արժեքը երեք միլիոն դոլար է։ Ծնողների խոսքով՝ բուժումը կարող է կանգնեցնել հիվանդության զարգացումը, սակայն առանց դրա դժվար է կանխատեսել, թե ինչ ընթացք կստանա Նարեկի կյանքը։

Մինչ ընտանիքը փորձում է գտնել բուժման համար անհրաժեշտ գումարը, Նարեկը շարունակում է ապրել իր՝ փոքր-ինչ տարբերվող մանկությամբ։ Նա դպրոց է գնում, բայց դա էլ հեշտությամբ չի ստացվում․ կողքին մշտապես որևէ մեկը պետք է լինի, օգնի ու աջակցի։ Առողջական խնդիրներն աստիճանաբար սահմանափակում են նրա հնարավորությունները, իսկ ընտանիքի ամենամեծ մտահոգությունն այն է, որ բուժման համար անհրաժեշտ ժամանակը չկորցնեն։

Այսօր Նարեկն ավելի փակ է, շփման մեջ՝ կաշկանդված։ Երբեմն ինքն էլ չի հասկանում՝ ինչու չի կարողանում արագ քայլել կամ վազել մյուս երեխաների նման։ Բայց նրա աշխարհում հիվանդությունից բացի ուրիշ բաներ էլ կան։ Կան հետաքրքրություններ, ցանկություններ ու երազանքներ, որոնցից ամենամեծը սպորտսմեն դառնալն է։

Նարեկի երազանքը պարզ է՝ առողջանալ ու զբաղվել սպորտով։ Գուցե նա դեռ ամբողջությամբ չի գիտակցում իր հիվանդության լրջությունը, բայց գիտի՝ ինչ է ուզում ապագայում։ Ու հենց այդ երազանքն է, որ նրա պատմությանը մեկ այլ իմաստ է տալիս․ խոսքը միայն բուժման մասին չէ, այլ նաև հնարավորության, որ մի օր նա անելու է այն, ինչ սիրում է։

Դյուշենի մկանային դիստրոֆիայի դեպքում հիվանդության զարգացումը կարող է հանգեցնել քայլելու ունակության կորստի։ Նարեկի բուժման համար ժամանակը կարևոր է, քանի որ գենային թերապիան պետք է իրականացվի մինչև հիվանդության որոշակի փուլ։

Մինչ այս պահը Նարեկի բուժման համար հավաքվել է 12 միլիոն դրամ, սակայն անհրաժեշտ գումարից դեռ շատ հեռու են։ Նարեկի ընտանիքը շարունակում է հույս փայփայել, որ կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն հավաքել բուժման համար անհրաժեշտ գումարը։ Եվ այս պահին մեզնից յուրաքանչյուրի փոքր ներդրումն անգամ Նարեկի և նրա ընտանիքի համար ևս մեկ քայլ է դեպի մի պարզ, բայց նրանց համար նվիրական նպատակ։

Send