ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է խաղային գործունեության ոլորտին առնչվող կարևոր նախագիծ։ MediaHub-ի կատարած ուսումնասիրության համաձայն գործադիրը պատրաստվում է հստակեցնել ոլորտի կարգավորման օպերատորի հարցը։
Ի՞նչ է առաջարկվում նախագծով։ Ուժի մեջ մտնող կարգավորումների համաձայն առաջարկվում է խաղային ոլորտի կարգավորման օպերատոր ճանաչել «Խաղերի վերլուծության և մշտադիտարկման համակարգ» առևտրային կազմակերպությանը։
Նշված կազմակերպությունը ստեղծվել է GARO-S-25-01 ծածկագրով բաց մրցույթում հաղթող ճանաչված «Ռենդոմ սիսթեմս ինթերנեյշնլ» ՍՊԸ-ի կողմից՝ հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի պահանջները։
Նախագծով նախատեսվում է ՊԵԿ նախագահին հանձնարարել սահմանված կարգով ապահովել պայմանագրի կնքումն ընտրված օպերատորի հետ։
Ինչի՞ն կնպաստի որոշման ընդունումը։ Կառավարության այս քայլով կամփոփվի օպերատորի ընտրության մրցութային փուլը, ինչը թույլ կտա անցնել գործնական ներդրման և պայմանագրային պարտավորությունների կատարման փուլին։
Արդյունքում հնարավոր կլինի ոլորտում լիարժեքորեն կազմակերպել միասնական մոնիտորինգն ու վերահսկողությունը, տվյալների խորքային վերլուծությունը, ինչպես նաև խաղային արտադրանքների միացումն ու օրենքով օպերատորին վերապահված այլ գործառույթների իրականացումը։
Մարիաննա Արամյան

Русский