«Հրապարակ» թերթը գրում է. 2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմում է ուղիղ 621 մլն 340 հազար 100 դրամ։ 2023-ին շուրջ 542 միլիոն էր կազմում, 24-ին՝ արդեն 603 մլն, այս տարի՝ 2025-ի համեմատ 18 միլիոնով ավելի, այսինքն անշեղորեն աճում է:
Ենթադրվում է, որ այս միջոցները պետք է ծախսվեն բացառապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց (վարչապետ, նախագահ եւ այլք) հատկացված պետական առանձնատների եւ տարածքների պահպանման, կոմունալ ծախսերի, անվտանգության եւ տեխնիկական սպասարկման համար։ Բայց պարզվում է՝ հոգում են բոլոր ծախսերը սկսած սննդից, զուգարանի թղթից ու կենցաղային այլ կարիքներից: Օրինակ, մենք պատահաբար տեղեկացանք, որ այս հիմնարկը հոգում է անգամ վարչապետի աղջիկների մատնահարդարման ծախսերը: «Գնում են՝ մանիկյուր-պեդիկյուր են անում, հետո «Կառավարական ամառանոց» ՊՈԱԿ-ից գումարը փոխանցում ենք սալոնին»,- հայտնեց մեր աղբյուրը:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի աշխատակազմից, քանի որ ՊՈԱԿ-ի հեռախոսահամարները հասանելի չեն հանրությանը: Պարզաբանումներ ստանալու հույսով կապվեցինք վարչապետի նորանշանակ խոսնակ Մելանյա Հարությունյանի հետ, որը գրավոր հարցում ուզեց, ուղարկեցինք եւ արդեն մոտ 15 օր է՝ սպասում ենք պատասխանին: Խորհրդավոր լռությունից կարող ենք ենթադրել չեն ցանկացել հաստատել, բայց նաեւ չեն կարողացել հերքել, ուստի նախընտրել են ոչինչ չասելը: Այնպես որ, հանրային միջոցների թալանից առավոտից երեկո խոսող վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները, պարզվում է, անգամ իրենց ամենատարրական կարիքները պետբյուջեի հաշվին են լուծում: Հարց է ծագում ուրեմն ինչո՞ւ է պետությունը միլիոնների հասնող աշխատավարձ վճարում նրան:
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի անշարժ գույքի շուկան միաժամանակ ակտիվ և խոցելի է՝ աճող պահանջարկի ու կառուցվածքային անհավասարակշռությունների ազդեցությամբ, ինչը ստեղծում է գերտաքացման ռիսկեր։ Գների աճը հաճախ պայմանավորված է սպասումներով ու արտաքին պահանջարկով, ոչ թե հիմնարար ցուցանիշներով։
2022-ին ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մեծ թվով ռուսաստանցիների տեղափոխումը սուր ճնշում գործադրեց վարձակալության շուկայի վրա՝ գները արագ բարձրացան, ապա արտաքին պահանջարկի նվազման հետ հատվածաբար վերադարձան հավասարակշռված մակարդակների։
Ռուսաստանի գործոնը շարունակում է կարևոր լինել, ներառյալ Ռուսաստանի հայերի հնարավոր վերադարձը կամ երկրորդ բնակության ձևավորումը, ինչը կարող է մեծացնել պահանջարկը նաև մարզերում։ Սա դրական է, եթե կա բավարար նոր առաջարկ և չի վերածվում գների սպեկուլ յատիվ բարձրացման։

Русский