ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր խորհրդականների հետ գաղտնի քննարկում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդին պաշտոնից ազատելու հնարավորությունը, հաղորդել է բրիտանական «The Guardian» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ ամերիկացի առաջնորդը դժգոհություն է հայտնել Գաբարդի կողմից ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթին փաստացի աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ, որը մարտին հրապարակավ հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ ի պատասխան ԱՄՆ կառավարության կողմից Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու որոշման։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Թրամփի կասկածները Գաբարդի վերաբերյալ առաջացել են անցյալ ամիս Կոնգրեսի լսումներում նրա տված ցուցմունքից հետո, որտեղ նա հրաժարվել էր դատապարտել Քենթի դիրքորոշումը։ Իր բացման խոսքում նա ասել էր, որ Թեհրանը որևէ փորձ չի ձեռնարկել ուրանի հարստացումը վերսկսելու համար՝ 2025 թվականի հունիսի 22-ին Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարվածներից հետո։
Չնայած լարվածությանը, Գաբարդի հրաժարականի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, քանի որ խորհրդականները զգուշացնում են ԱՄՆ նախագահին նման բարձրաստիճան պաշտոնում թափուր աշխատատեղ չստեղծել առանց պատրաստի իրավահաջորդի: Այնուամենայնիվ, Թրամփի հետ այս քննարկումները վատ նշան են Գաբարդի համար, հաշվի առնելով, որ նա սովորաբար սկսում է խորհրդակցել իր օգնականների հետ հենց այն ժամանակ, երբ «լրջորեն մտածում է կադրային փոփոխությունների անհրաժեշտության մասին»:

Русский