Նորվեգիան, Ֆինլանդիան և Լեհաստանն ընդլայնում են իրենց բնակչության համար նախատեսված ռազմական պատրաստության ծրագրերը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքի։ Քաղաքացիական անձանց սովորեցնում են զենք կիրառել, մարտեր վարել քաղաքային պայմաններում, կառավարել անօդաչու թռչող սարքեր և բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին․ գրել է Bild պարբերականը։
Նորվեգիայում 2026 թվականը հայտարարվել է «համընդհանուր պաշտպանության» տարի։ Այս հայեցակարգի համաձայն՝ երկրի պաշտպանության գործում ներգրավված են ոչ միայն զինված ուժերը, այլև պետական հաստատությունները, մասնավոր հատվածը և հասարակությունը։
Նորվեգիայի տարածքային պաշտպանության ուժերը ունեն ավելի քան 40 000 անդամ, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է կանոնավոր բանակի թվաքանակը (23 000 զինծառայող)։ Պահեստազորայինների շարքերում կան իրավաբաններ, էլեկտրիկներ, բանկիրներ, ապահովագրական գործակալներ և ֆերմերներ։ Նրանցից շատերը տարին մեկ անգամ արձակուրդ են վերցնում աշխատավայրից՝ ռազմական վարժանքներին մասնակցելու համար։
Սեպտեմբերին Տարածքային պաշտպանության ուժերն Օսլոյում անցկացրին տարվա ամենախոշոր զորավարժությունը, որին մասնակցեց մոտ 5000 զինված պահեստազորային։ «Մենք կանգնած ենք ռուսների ճանապարհին»,- SZ-ին տված հարցազրույցում նշել է նախկին վարչապետ Էռնա Սոլբերգը։ Նորվեգիան Ռուսաստանի հետ ունի մոտ 200 կիլոմետր ձգվող սահման։
Լեհաստանում քաղաքացիական անձանց համար ներդրվել են ռազմական պատրաստության մի քանի ծրագրեր։ Դրանցից մեկը՝ «Պատրաստվածության մեջ» անվանումով, առաջարկում է հանգստյան օրերին անցկացվող դասընթացներ, որոնք ընդգրկում են ռազմական գործի հիմունքները և տարհանման ընթացակարգերը։ 2025 թվականին ծրագրի մեկնարկից հետո՝ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, դասընթացներին գրանցվել է մոտ 18 000 մարդ։
Մեկ այլ նախաձեռնություն՝ «Մարզվիր բանակի հետ» անվանումով, ենթադրում է ուսուցում՝ գործող զինծառայողների ղեկավարությամբ։ Կամավորները սովորում են Դեռահասները սովորում են՝ ինչպես ցուցաբերել առաջին օգնություն, գոյատևել ծայրահեղ պայմաններում և գործել զինված հակամարտության ժամանակ։ 14 տարեկանից սկսած՝ նրանք նաև հրաձգության ուսուցում են անցնում։

Русский