Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրենսդրական փոփոխությամբ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար սահմանվում են արտոնություններ՝ դատական ատյաններում իրենց իրավունքների պաշտպանությունը լիարժեք և մատչելի դարձնելու նպատակով:
Գործող կարգավորումներով՝ բռնության ենթարկված անձինք պետական տուրքից ազատված էին միայն պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով: Սակայն փորձը ցույց է տալիս, որ բռնություն գործադրած անձինք հաճախ վարչական դատավարության կարգով բողոքարկում են ոստիկանության կիրառած պաշտպանության միջոցները (նախազգուշացում կամ անհետաձգելի միջամտություն): Նման դեպքերում տուժողները ստիպված էին լինում վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս վճարել պետական տուրք՝ չունենալով արտոնյալ պայմաններ:
Սա լրացուցիչ ֆինանսական և հոգեբանական բեռ էր արդեն իսկ խոցելի վիճակում գտնվող անձանց համար: Վիճակագրությունը փաստում է խնդրի սրությունը. «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի տվյալներով՝ 2021-2025թթ. ընթացքում 324 անձ դատարան չի դիմել բացառապես գումար չունենալու պատճառով:
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Русский