Վրաստանի պետական համալսարաններ ընդունվածների ուսման վարձը անվճար կլինի նաև մագիստրոսի մակարդակում: Համապատասխան փոփոխությունները ներառված են «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթում, որը Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի փոխնախարար Զվիադ Գաբիսոնիան ներկայացրել է վրացի օրենսդիրներին:
«Մենք բարձրագույն կրթությունը դարձնում ենք լիովին անվճար: Սա ենթադրում է պետական համալսարաններում լիովին ֆինանսավորվող մոդել: Գործող դրամաշնորհային մոդելը կփոխարինվի պետական լրիվ ֆինանսավորմամբ: Սա նշանակում է, որ գործող քվոտաների համակարգով պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողները կկարողանան լիովին անվճար սովորել ինչպես բակալավրի, այնպես էլ մագիստրատուրայի մակարդակներում»,- ասել է Գաբիսոնիան:
Նախկինում Վրաստանի կրթության նախարար Գիվի Միկանաձեն հայտարարել էր, որ համալսարանների համար դրամաշնորհային ֆինանսավորման մոդելը կվերացվի հաջորդ ուսումնական տարվանից սկսած: Նա բացատրել է, որ պետական համալսարաններում ուսման վարձը «փաստացի կդառնա անվճար», մինչդեռ մասնավոր համալսարաններում ուսանողները ֆինանսավորում կստանան միայն այն դեպքում, եթե կառավարությունը համարի, որ կա «լրացուցիչ անհրաժեշտություն»:

Русский