Հայաստանի կառավարությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 70 մլն 400 հազար եվրոյի վարկային միջոցներ է ներգրավում «Վեոլիա Ջուր» ընկերությանն աջակցելու համար։ Նախագիծն այսօր ներկայացվեց ԱԺ-ում՝ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի կողմից։
«Ցանկանում եմ նշել, որ այս ծրագիրը համաֆինանսավորվելու է նաև Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից՝ 70 մլն եվրո գումարի չափով և Հայաստանի կառավարության կողմից՝ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսքով»,– նշեց նա:
Ղալամքարյանի խոսքով` համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերին, որի նպատակն է Հայաստանի ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման արդիականացումն ու բարելավումը: Կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ ծրագիրն ունենալու է չորս հիմնական բաղադրիչ. առաջին՝ ջրային ոլորտի բարեփոխում և կլիմայադիմացկուն ոռոգման և գյուղական ջրամատակարարման, ջրահեռացման ծառայությունների ինստիտուցիոնալ հզորացում, երկրորդ՝ գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում, երրորդ՝ ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման արդիականացում և չորրորդ՝ ծրագրի կառավարում:
«Ծրագիրը 2 փուլով է իրականացվում. առաջին փուլը նախատեսված է 5 տարվա համար. կլինի նաև ծրագրի երկրորդ փուլ: Առաջին փուլի համար նախատեսվում է 185 մլն դոլարի, իսկ երկրորդի համար մոտավորապես 250 մլն դոլարի չափով գումար»,– ներկայացրեց Ղալամքարյանը:
Նշենք, որ ըստ նախագծի՝ 25 մլն դոլարի ներդրում էլ պետք է կատարվի գյուղական բնակավայրերում:

Русский