Գերմանական ավտոարտադրող «Volkswagen AG» (VAG) ընկերության տնօրենների խորհրդի և դրա վերահսկիչ խորհուրդների անդամները կարծում են, որ ընկերության գոյությունը վտանգված է, հայտնել է «Der Spiegel»-ը։
«Բարձրաստիճան ղեկավարները համաձայն էին, որ Volkswagen Group-ում իրավիճակը չափազանց կրիտիկական է։ Հարցմանը մասնակցած խորհրդի ինն անդամներից վեցը նույնիսկ գնահատել են ընկերությունը որպես սնանկացման վտանգի տակ հայտնված։ Եվս երեքը իրավիճակը կնկարագրեին որպես լարված», - հաղորդել է թերթը։
Հարցմանը մասնակցած խորհրդի բոլոր անդամները կողմ են ավտոարտադրողի ռազմավարության արմատական փոփոխությանը։ Մասնավորապես, նրանք բացասաբար են գնահատել գերմանական ավտոարտադրողի ռազմավարությունը Հյուսիսային Ամերիկայի և Չինաստանի շուկաներում։
«Ռոյթերս»-ն ապրիլի 30-ին հաղորդել էր, որ Volkswagen-ը մտադիր է խստացնել ծախսերի կրճատման միջոցառումները՝ առաջին եռամսյակում շահույթի կտրուկ անկման ֆոնին։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել բիզնեսի լայնածավալ վերանայում՝ առևտրային սակագների, աշխարհաքաղաքական անկայունության և ավտոմեքենաների պահանջարկի նվազման ճնշման պայմաններում։ Մինչև 2030 թվականը Volkswagen-ը մտադիր է Գերմանիայում կրճատել ավելի քան 50,000 աշխատակցի։

Русский