«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռի համար պայքարը թեժանում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնելու մտադրություն ունի նաև ֆուտզալի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Ռուբեն Նազարեթյանը։ Սակայն նրա անվան շուրջ ուշագրավ պատմություն կա՝ կապված Երևանի մետրոպոլիտենում աշխատանքի և միլիոնավոր դրամների աշխատավարձի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՖՖ-ից հետո Նազարեթյանն աշխատանքի է անցել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում, սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, նրա աշխատանքը հիմնականում թղթի վրա է եղել։ Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի գիտությամբ և թողտվությամբ Նազարեթյանը աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է ընդհանուր 7 միլիոն 120 հազար 436 դրամ աշխատավարձ։ 2024 թվականի նոյեմբերի 11-ին հրապարակվել է Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի վերաբերյալ քրեական գործի մասին հաղորդագրություն, որտեղ նշված է Նազարեթյանի անունը։
Ստացվում է՝ պետական ընկերությունում հնարավոր է եղել աշխատավարձ ստանալ՝ առանց փաստացի աշխատանքի ներկայանալու։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքով են կատարվել վճարումները, և ինչո՞ւ է մետրոպոլիտենի ղեկավարությունը հանդուրժել նման իրավիճակը։
Եվ հիմա ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնին հավակնող Նազարեթյանից հանրությունն առնվազն մեկ հարցի պատասխան է ակնկալում՝ ինչպե՞ս է պատրաստվում ղեկավարել հայկական ֆուտբոլը, եթե չի կարողանում փարատել սեփական աշխատանքային կենսագրության շուրջ առաջացած կասկածները»:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն օրերին, երբ Երևանը հյուրընկալել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ COP17-ը, և միջազգային բարձրագույն ամբիոններից հնչում ու հնչելու են բնապահպանական գեղեցիկ ճառեր, Հայաստանի հարավային դարպասում՝ Շիկահողի պետական արգելոցում, իրականությունը բոլորովին այլ է։ Տարածաշրջանում Ադրբեջանի որդեգրած ագրեսիվ ու ռազմականացված քաղաքականության, սահմանային տարածքների օկուպացիայի, անտառահատումների և էկոհամակարգերի միտումնավոր ոչնչացման հետևանքով վտանգված է մեր երկրի ամենահարուստ ու խոցելի բնաշխարհից մեկը։
Շիկահողի արգելոցը, որտեղ ապրում են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանիներ ու աճում բացառիկ բուսատեսակներ, այսօր փաստացի վերածվել է ռազմականացված վտանգավոր գոտու, որտեղ լռել յայն սպանվում է վայրի բնությունը։ Սա սովորական բնապահպանական խնդիր չէ, այլ նպատակաուղղված էկոցիդ, որի հետևանքները կրելու են գալիք սերունդները։ Վայրի բնությունն այլևս չի կարողանում լռել, երբ իր տունը ավերվում է քաղաքական ամբիցիաների և թշնամական ոտնձգությունների պատճառով։
Բնապահպանությունը չի կարող սահմանափակվել միայն փակ դահլիճներում հնչող հայտարարություններով ու «կանաչ» օրակարգերի ձևական քննարկումներով։ Եթե COP17-ի շրջանակներում միջազգային հանրության, բնապահպանական կազմակերպությունների և որոշում կայացնողների ուշադրությունը չհրավիրվի Ադրբեջանի կողմից իրականացվող բնապահպանական հանցագործությունների վրա, ապա ցանկացած գլոբալ համաժողով կորցնում է իր բուն իմաստն ու արժեքը։
Հայաստանի բնաշխարհի աղաղակող խնդիրները, Շիկահողի վիրավոր էկոհամակարգն ու կենսաբազմազանության կորուստը պետք է դառնան Երևանում ընթացող գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը։ Մենք պարտավոր ենք տեղ հասցնել այդ ահազանգը, քանզի եթե այսօր լռենք ու թույլ տանք մեր բնօրրանի ոչնչացումը, վաղն այլևս ոչ մի «կանաչ» ֆորում ի վիճակի չի լինելու վերականգնել կորցրած հայրենիքն ու նրա վիրավոր բնությունը։
«Փաստը» շարունակելու է հետևել ոչ միայն COP17-ի ընթացքին, այլև Շիկահողի արգելոցի խնդիրներին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում սպասվող ղեկավարի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի վերջերին, սակայն իշխանության թեկնածուն՝ նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի տղան Հովհաննես Հակոբյանը, արդեն քարոզարշավ է իրականացնում։
Նրա այցերից մեկի ընթացքում նա հեռախոս է խոստանում 3-4 տարեկան մի երեխայի, ում, ըստ հրապարակման, մանկության երազանքն է եղել հանդիպել Հակոբյանին։ Թեկնածուի թիմի տարածած տեսանյութում, ըստ թերթի, երևում է, որ երեխային նախապես պատրաստել են նկարահանման համար։
Խոստումից հետո երեխան երգում է «Իմ ախպերս», ապա ասում. «ժողովուրդ ջան, ո՞ւմ ենք ընտրելու, իհարկե, պարոն Հակոբյանին ենք ընտրելու»։ «Հրապարակ»-ի պնդմամբ, մեկ տեսանյութում կա երկու խախտում՝ նախընտրական կաշառք և անչափահասին քաղաքական գովազդում օգտագործում։

Русский