Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց են ունեցել Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին, հաղորդել է «Gulf News» թերթը։
Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են «Իրանի կողմից ԱՄԷ-ի և մի շարք արաբական երկրների վրա իրականացված ակնհայտ հարձակումները», ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ոլորտում զարգացումները, ռազմական էսկալացիայի անհապաղ դադարեցման ու երկխոսության կոչ են արել։
Պուտինը նաև քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության սրումը Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ, հաղորդել է Կրեմլը։
Զրույցի ընթացքում առաջնորդներն ուշադրություն են դարձել այն հանգամանքին, որ ճգնաժամն առաջացել է «Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի» պատճառով և հանգեցրել է «ծանր, ողբերգական հետևանքների իրանցի ժողովրդի համար»։ Նրանք նաև մտահոգություն են հայտնել հակամարտության ընդլայնման և երրորդ երկրների ներգրավման ռիսկի վերաբերյալ։
Զրուցակիցները հույս են հայտնել, որ Իրանի պատասխան գործողությունները «չեն վնասի հարևան երկրների քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ զբոսաշրջությանը և տրանսպորտային կառույցներին»։Պուտինը և Կատարի էմիրն արագ դեէսկալացիայի հույս են հայտնել։

Русский