«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ վերջին հայտարարություններից հետո դատավորների շրջանում լարվածություն է նկատվում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորները ներքին զրույցներում մտահոգություն են հայտնել, որ իրենց աշխատասենյակներում կարող է ներքին ու արտաքին դիտարկում իրականացվել, իսկ դատարանների շենքերի հարակից տարածքները՝ տեսանկարահանվել։ «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավիճակն այն աստիճանի է հասել, որ որոշ դատավորներ միմյանց հետ զգայուն հարցեր քննարկելիս անձնական հեռախոսները թողնում են աշխատասենյակում, հեռանում դատարանի տարածքից և միայն դրանից հետո զրուցում։
Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատավորներից ոմանք դատարանի շենքում սահմանափակել են անգամ մտերիմների ու ընտանիքի անդամների հետ հեռախոսային խոսակցությունները՝ մտավախություն ունենալով, որ դրանք էլ կարող են գաղտնալսվել։
Փաստացի դատական համակարգում այնպիսի մթնոլորտ է ձևավորվել, որ դատավորներն արդեն զգուշանում են ոչ միայն հրապարակային դիրքորոշում արտահայտելուց, այլև միմյանց հետ մասնավոր զրույցներից»։
«Հրապարակ» թերթը գրել է․
Հայ-ռուսական հարաբերությունները կարծես հատում են անդառնալիության կետը: Ռուսաստանյան մեր աղբյուրները հայտնում են, որ ոչ թե գազի գնի թանկացում է լինելու Հայաստանի համար, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին: Արդեն իսկ հայտարարվել է, որ պլանային նորոգում է ընթանում, եւ այս պահին գազապաստարաններում կուտակված գազն են ՀՀ սպառողներին մատակարարում, իսկ նոյեմբերի 1-ին ինչ-որ խոշոր «վթար» կամ ֆորսմաժոր կլինի, որի արդյունքում գազամատակարարումը չի վերականգնվի:
Մեր աղբյուրն ասում է՝ որպեսզի նման սցենար չզարգանա, Նիկոլ Փաշինյանի առաջ 4 պահանջ են դրել: Մեկը վերաբերում է 102-րդ ռուսական ռազմաբազային․ Փաշինյանին առաջարկել են ձեռք քաշել այդ թեմայից: Երկրորդը վերաբերում է ռուսական մասնակցությամբ կապիտալի նկատմամբ ոտնձգություններին երկաթուղի, «Գազպրոմ» եւ այլն: Այս թեմայից էլ պետք է հրաժարվի ՀՀ իշխանությունը: Երրորդը վերաբերում է «ԵԱՏՄ, թե ԵՄ» դիլեմային: Այս հարցում 2 ճանապարհ են առաջարկել կա՛մ չեղարկել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, կա՛մ այս հարցով հանրաքվեի օրը հայտարարել: Չորրորդ հարցը պրոռուսական գործիչների նկատմամբ հալածանքները դադարեցնելուն է վերաբերում: Ենթադրում ենք Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թեւանյան, Սամվել Կարապետյան: Մի ենթապահանջ էլ կա կառավարությունում Ռուսաստանի համար ընդունելի փոխվարչապետ նշանակվի, որի հետ ՌԴ իշխանություններն ուղիղ կաշխատեն, որովհետեւ բոլորից հիասթափված են եւ դժգոհ: Մենք փորձեցինք ՀՀ կառավարական շրջանակներից ճշտել այս տեղեկությունների իսկությունը:
Մեր աղբյուրներն ասացին, որ շատ քիչ մարդ է իրերի իրական դրության մասին տեղյակ, բայց վերջին օրերին մի քանիսի «դեմքին գույն չկա», իսկ ՏԿԵՆ-ից խոստացան պատասխանել մեր հարցմանը։ Մի ամբողջ օր սպասեցինք, բայց պատասխան չստացանք:

Русский