Քանի դեռ Ազգային ժողովն ամբողջովին չի ավարտել հանձնաժողովներ ձևավորելու օրակարգը, ժամանակն է ստեղծել նոր՝ «հարվածային գործիքների» ժամանակավոր հանձնաժողով։ Տվյալ հանձնաժողովի պարտականությունը կլինի ճիշտ պահին խմբով հարվածել սեղաններին, երբ հնչում է իրենց ականջներին ոչ հաճո անուն կամ արտահայտություն։ Ընդ որում, կարևոր չէ, թե ով կլինի հանձնաժողովի նախագահը՝ ընդդիմադիր, թե՞ իշխանական, քանի որ երկկողմանի տիրապետում են այդ արվեստին։
Երեկ երբ ՔՊ-ական պատգամավորն իր ելույթում Վեհափառին դիմեց ավազանի անունով, ընդդիմությունը սկսեց հարվածել սեղաններին, այդ կերպ փորձելով թե՛ լռեցնել ելույթ ունեցողին, թե՛ արտահայտել իր դժգոհությունը։ Իսկ այսօր ՔՊ-ն բնականաբար փորձեց հետ չմնալ ընդդիմությունից ու երբ ընդդիմադիր պատգամավորն ասաց Կաթողիկոս, նույն կերպ արձագանքեց իշխող խմբակցությունը, հարվածելով սեղաններին։
Նման արարքը շատերի կողմից գնահատվում է ոչ հարիր խորհրդարանին, մանկապարտեզային պահվածք և այլն։ Սակայն ես համաձայն չեմ հնչեցված գնահատականների հետ։ Նմանատիպ ակցիաներն ընդունված են ողջ աշխարհում, պատգամավորները տարբեր կերպ կարող են արտահայտել իրենց բողոքը, մի տեղ պարելով, մի տեղ երգելով, մի տեղ խփելով սեղաններին, մեկ այլ տեղ էլ խփելով միմյանց։
Սակայն եթե պատգամավորների դիրքորոշման արտահայտությունը նման ձևով նորմալ է, առնվազն աննորմալ է այն թեման, որի շուրջ առաջացել է տարաձայնությունը։
Եթե աշխարհի գրեթե բոլոր երկրներում պատգամավորները տարբեր կերպ կարող են ցույց տալ իրենց դժգոհությունը, ապա թերևս չի գտնվի մի պետություն, որտեղ պատգամավորների բախումը տեղի ունենա երկրի հոգևոր առաջնորդի շուրջ։
Ընդհանրապես աշխարհում գոյություն չունի բացարձակ ժողովրդավարություն ու բացարձակ ազատություն, իհարկե դրանք արժեքներ են, բայց ոչ բացարձակ և ով իր խոսքում մշտապես հղում է անում վերը նշվածներին, իր բոլոր արածները փորձում արդարացնել ժողովրդավարությամբ կամ ազատությամբ, ապա նա մեծագույն մանիպուլյատորն է ու բռնակալը։
Ազատության իրական կողմնակիցները հասկանում են, որ բացարձակ ազատությունը փլուզելու է հասարակական կառուցվածքը, հանգեցնելու է անարխիայի, քայքայելու է պետության հիմքերը ու նաև գիտակցում, որ կան թեմաներ, որոնք քննարկման ենթակա չեն, որքան էլ ինչ-որ մեկը ունենա անձնական համակրանք կամ հակակրանք այս կամ այն անձի հանդեպ։
Իսկ Հայաստանում ցավալիորեն ժողովրդավարությունն ու ազատությունը իշխանությունների կողմից ընկալվում են ոչ թե արժեքներ, այլ քաղաքական գործիքներ, որոնք կարելի է օգտագործել խմբային շահերի ու նպատակների համար, ինչպես վարվում է Նիկոլ Փաշինյանը։ Օրինակ՝ հղում անելով ժողովրդավարությանը, նա հարձակվում է Հայ Առաքելական Եկեղեցու ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, մանիպուլացնելով, իբր այդ մանդատն ինքը ստացել է ժողովրդի կողմից։ Այնինչ, եթե նույն Նիկոլ Փաշինյանը ազատությունը համարեր իրոք արժեք, այլ ոչ գործիք, նա չէր կալանավորի ու հետապնդի այն մարդկանց, որոնք իրենց խոսքում նույնիսկ վիրավորում են իրեն։ Եթե ազատություն է, ապա այդ ազատությունից պետք է օգտվեն բոլորը, իսկ եթե այնուամենայնիվ պետք է գործեն որոշակի զսպման մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա, որպեսզի ազատությունը վերածվի անարխիայի, ապա այդ զսպումը պետք է տարածվի նաև պետության ղեկավարի վրա։ Հակառակ դեպքում վերածվում ենք «Անասնաֆերմայի»՝ «Բոլորն օրենքի առաջ հավասար են, բայց ոմանք ավելի՝ քան մյուսները»։
Բայց ինչևէ, վերադառնանք խորհրդարանին։ Այն ինչ կատարվում է Ազգային ժողովում, այն հարվածները, որոնք տեղում են սեղաններին, վիզուալ առումով միանգամայն նորմալ են ու տեղավորվում են ժողովրդավարության ու ազատության սկզբունքների շրջանակում։ Մարդիկ ազատ են իրենց կամքն արտահայտել այնպես, ինչպես նպատակահարմար են գտնում։ Մեկը կարող է հարվածել սեղանին, մյուսը՝ լքել դահլիճը, գուցե գտնվի մի խիստ էքսցենտրիկ դեմք, որը կգերադասի իր դժգոհությունը հայտնել գլուխը ամբոնին հարվածելով կամ խորհրդարան ներկայանալ մերկ։
Մենք պետք է կարողանանք տարբերել քաղաքական գործիքակազմը թիրախից, հետևաբար դժգոհության նման դրսևորումները միանգամայն նորմալ են, աննորմալը թիրախն է, որն էլ մենք պետք է պահենք ուշադրության կենտրոնում։
Զուտ այն փաստը, որ այսօր Ազգային ժողովում սեղաններին հարվածելու թիրախը Վեհափառ Հայրապետն է, վկայում է այն մասին, որ մեր հասարակությունում արդեն իսկ որոշակի խեղված է արժեհամակարգը, ուզենք մենք դա ընդունել, թե՝ ոչ, բայց դա է իրականությունը, հակառակ դեպքում, որևէ մեկի մտքով չէր անցնի Կաթողիկոսի հարցը քննարկել խորհրդարանում ու հարվածել սեղաններին։ Մենք հաճախ ենք կրկնում, որ Փաշինյանի պարտվելու է Վեհափառի դեմ պայքարում, գուցե այդպես էլ լինի, բայց անկախ նրանից, հաճելի է մեզ, թե՝ ոչ, պետք է ընդունենք, որ Փաշինյանին արդեն իսկ հաջողվել է սասանել այն հիմքերը, որոնց վրա հենված էր մեր հասարակությունը, ժողովուրդը, հետևաբար նաև պետությունը։
Կարեն Կարապետյան

Русский