Երեքշաբթի օրը հնդկական ընկերությունները կրճատել են բնական գազի մատակարարումն արդյունաբերություններին՝ սպասելով Մերձավոր Արևելքից մատակարարման ավելի սահմանափակմանը, այն բանից հետո, երբ առաջատար արտադրող Կատարը դադարեցրել է արտադրությունը, հայտնել են չորս արդյունաբերական աղբյուրներ, գրել է Reuters-ը։
Երկուշաբթի օրը Կատարը դադարեցրել է հեղուկացված բնական գազի արտադրությունը, քանի որ Իրանը շարունակել է հարձակվել Պարսից ծոցի երկրներում թիրախների վրա՝ ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իր դեմ ուղղված հարվածների։
Հարձակումները նաև դադարեցրել են նավթի և գազի առաքումները Հորմուզի նեղուցով, ինչը բարձրացրել է համաշխարհային էներգակիրների գները և առաքման ծախսերը։
Հնդկաստանը՝ աշխարհում հեղուկացված բնական գազի չորրորդ խոշորագույն գնորդը, մեծապես կախված է Մերձավոր Արևելքից իր ներմուծման համար։
Հեղուկացված բնական գազի խոշորագույն ներմուծող «Petronet LNG Ltd»-ն տեղեկացրել է գազի մարքեթինգի առաջատար GAIL ընկերությանը և այլ ընկերությունների մատակարարումների նվազման մասին, հայտնել են երկու աղբյուրներ։
Հարավասիական այս երկիրը Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) խոշորագույն հաճախորդն է և Կատարի հեղուկացված բնական գազի երկրորդ խոշորագույն գնորդը։
GAIL-ը և «Indian Oil Corp»-ը երկուշաբթի օրը ուշ երեկոյան հաճախորդներին տեղեկացրել են գազի մատակարարման կրճատման մասին։ Երկու աղբյուրների խոսքով՝ կրճատումները տատանվում են 10%-ից մինչև 30%։
Կրճատումները սահմանվել են նվազագույն մատակարարման քանակի վրա, որը կպաշտպանի մատակարարներին պայմանագրային պայմանների հիման վրա հաճախորդների կողմից ցանկացած տույժից։

Русский