«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի շուրջ աղմկոտ պատմությունը մտել է քրեական փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտը չկատարելը)։ Այս արարքը նախատեսում է պատիժ՝ տուգանք՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։
Սա մեղմ մասն է։ Բայց քանի որ Արթուր Հովհաննիսյանը պաշտոնատար անձ է, և Էդգար Ղազարյանի պնդմամբ դատավճռի չկատարումը նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք է, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են, որ այս փուլում «իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»։
Հիշեցնենք՝ հրապարակային տեղեկությունների համաձայն, գործընթացը մեկնարկել է Էդգար Ղազարյանի հաղորդման հիման վրա և վերաբերում է դատարանի որոշման ոչ նյութական մասին՝ հրապարակային ներողություն խնդրելու պարտավորությանը։
Արդյոք նախաքննությունը կհանգեցնի պատգամավորի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն, որի համար գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պետք է Ազգային ժողով գնա՝ մեղադրանքի թույլտվության համար, պարզ կդառնա քննության հաջորդ փուլերում։
«Ժողովուրդ» օրաթերթը հետևողական է այս թեմային, և անհրաժեշտ է տեղեկացնել, որ Արթուր Հովհաննիսյանը իրավապահներին արդեն հայտնել է, թե դատավճիռն այնպես է կայացվել, որ 1-ին լրատվականի և ԱԺ լրատվականի միջոցով ներողություն խնդրելը ՔՊ խմբակցության քարտուղարի համար հասու միջոցներ չեն։ Մինչդեռ նա կարող է հանգիստ գրություն ուղարկել և լրատվամիջոցին, և ԱԺ լրատվական վարչությանը՝ խնդրելով իրեն հնարավորություն տալ կատարելու դատավճիռը։ Ինչու չի արել, ինչ պատասխան է ստացել՝ դեռ անհասկանալի է։
Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանն այն անձն է, ում 2017-ին նրա ավտոմեքենայի միջից ոստիկանները գտել էին 0.24 մգ թմրանյութ, նրան ձերբակալել էին, հարուցվել էր քրեական վարույթ։ Հիմա Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ երկրորդ վարույթն է հարուցված՝ այս անգամ դատավճիռը չկատարելու հիմքով»։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանն ու 50 քպականներն այս օրերին ներկուսակցական քարոզարշավով են զբաղված։ Մինչ տարածաշրջանը եռում է, Փաշինյանն ու իր թիմը զբաղված են «պեռաշկի» և «կուկուռուզ» ուտելով, հընթացս էլ հանդիպումների բեմադրություններ կազմակերպելով։
ՔՊ-ում իրականում ամեն ինչ այնքան էլ անամպ չէ, ինչպես փորձում են ներկայացնել։ «Փաստի» տեղեկություններով, ԱԱԾ-ն Փաշինյանին է փոխանցել վերջին հարցման արդյունքները, ըստ որոնց, ՔՊ-ն անհուսալիորեն պարտվում է բոլոր ճակատներում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեպետ ՔՊ-ի վարկանիշը 14 տոկոս են գնահատում, բայց հիմնական ընդդիմադիր ուժերը աստիճանաբար լուրջ թափ են հավաքել, և արդեն շաբաթներ անց Փաշինյանի գլխավորած կուսակցությունը նույնիսկ հարցումներով առաջատարը չի լինի։ Այդ հարցումների թեման քննարկվել է նաև «ուրախ ավտոբուսում», որով ՔՊ ընտրական ցուցակի ամենաբարձր ձայներ ստացած 50 անձինք շրջագայում են տարբեր մարզերով։
Մեր ունեցած տեղեկություններով, սեփական վարկանիշը բարձրացնելու այլ տարբերակ չգտնելով՝ Փաշինյանը գրեթե բոլոր նախարարներին հանձնարարել է պոպուլիստական նոր առաջարկներ մշակել՝ հանրությանը ներկայացնելու համար։ Հենց իր ծննդավայր Իջևանում, օրինակ՝ նա հայտարարել է, թե կառավարությունը յուրաքանչյուր տարի գնաճի չափով թոշակները բարձրացնելու որոշում կընդունի։ «Ես որոշում եմ կայացրել։ 2027 կամ 2028 թվականից, դա կորոշենք... քանի որ մենք եկել, թոշակների առումով հասել ենք սպառողական զամբյուղին, հիմա, որպեսզի հետ չգնանք, մենք ամեն տարի առնվազն գնաճի չափով կավելացնենք թոշակը»,- ասել է Փաշինյանը։ Ֆինանսների նախարարությունը, ի դեպ, դեմ է եղել թոշակների ինդեքսավորման որոշմանը, բայց Փաշինյանը հանգստացրել է նախարարին, թե ընտրություններ են դիմացը, հարկավոր է շահել թոշակառուների սիրտը։
Մյուս նախարարություններն էլ հրահանգ են ստացել տարբեր «նախաձեռնություններ» սկսել, դրանք ընտրություններից առաջ թմբկահարել։
«Հրապարակ» թերթը գրում է․
Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ամուսնալուծության վերաբերյալ այս օրերին բազում վարկածներ շրջանառվեցին։ Դրանք համադրելով՝ մենք հետեւյալ պատկերը ստացանք․ դեռ տարիներ առաջ 2019-20 թվականներին, նրանց հարաբերությունները մի փուլ խիստ վատացել էին, եւ մոտ մեկ տարի կամ ավելի, նրանք իրար հետ չէին «ապրում», սակայն այդ ճգնաժամը երկուստեք ջանքերով հաջողվել է հաղթահարել, բայց վիճակը կրկին սրվել է 2025-ի կեսերին: Աննա Հակոբյանի Չինաստանում ուսանելու ծրագիրն էլ այդ ճգնաժամի հետեւանք էր, սակայն մեկնելը «չի փրկել» ամուսնությունը: Այն, որ կինը տեւական ժամանակ ամուսնու կողքին չէր, եւս վկայում է լարված հարաբերությունների մասին: Չնայած մի քանի փորձ արել են ցույց տալու, որ ամեն ինչ նորմալ է: Իսկ 25-ի վերջին կոնֆլիկտը սրվել է:
Այս վերջին 3 ամիսներին, ըստ որոշ լուրերի, Փաշինյանն Աննա Հակոբյանին «աքսորել» էր Սեւանի կառավարական ամառանոց եւ, ըստ այդ լուրերի, արգելել իր թիկունքում որեւէ քայլ կատարել: Ենթադրում ենք, որ նրա իշխանությունն ինչ-որ պահի ամուսնու իշխանությունից մեծ է եղել, եւ նա փորձել է կառավարման լծակներն իր ձեռքը վերցնել, ինչը դուր չի եկել ամուսնուն: Ըստ ամենայնի, վերջինս նաեւ գիտակցել է, որ նախընտրական փուլում կնոջ ակտիվությունը կարող է վնասել իրենց վերարտադրությանը, եւ փորձել է պասիվացնել նրան: Սակայն վիրավորված տիկինը որոշել է, որ դա իր իրավունքների ոտնահարում է, եւ վճռել է յուրովի «պատժել» ամուսնուն նրա հեղինակությանն անդառնալի հարված հասցնելով:

Русский