«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի շուրջ սկանդալը շարունակում է մնալ ՔՊ-ի ներքին քննարկումների թեման։
Մեր տեղեկություններով՝ վերջերս Ավետ Կոնջորյանն իր շրջապատում նեղսրտել է՝ հայտարարելով, թե ՔՊ կուսակցության վերնախավը ցանկանում է, որ ինքը կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացնի, սակայն դա իր սրտով չէ։
Քաղաքական իշխանության ներսում, կարծես թե, Ավետ Կոնջորյանի հարցը դեռ փակված չեն համարում։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում քննարկվել է նրա՝ կուսակցությունից հեռանալու հարցը, և նախընտրելի տարբերակը համարվել է սեփական դիմումով հեռանալը։ Սակայն խնդիրը, ըստ նույն տեղեկությունների, այն է, որ ակնկալվող դիմումը դեռ չկա, Կոնջորյանը հապաղում է։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հուլիսի 24-ի կեսգիշերին՝ Աբովյանում, Ավետ Կոնջորյանի բնակության շենքի մուտքի մոտ դաժանաբար ծեծել էին Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանին, որի հետ Կոնջորյանը ընկերական հարաբերություններ էր ունեցել, աշխատանքային հարցերում Կոնջորյանը խաբել էր նրան, ու սկսվել էր լարվել նրանց հարաբերությունները։ Կոնջորյանին նրա տան մոտ ծեծել էին, որից առաջ Կոնջորյանը Հակոբյանի տան մոտ էր գնացել մեքենայով ու հայհոյանքներ հնչեցրել։
Հիմա ՔՊ-ն նրա այս արարքի համար որոշել է հեռացնել իր շարքերից։
Նկատենք, որ Ավետ Կոնջորյանի վարքագիծը հակասել է կուսակցության էթիկական չափանիշներին, և նա պետք է հեռանա։ Նույն դիրքորոշումը, ըստ շրջանառվող տեղեկությունների, կիսում է նաև Նիկոլ Փաշինյանը։
Մեր աղբյուրները չեն բացառում, որ Ավետ Կոնջորյանը սպասում է, որպեսզի իրեն հրավիրեն ՔՊ վարչություն՝ քննարկման։ Այդ դեպքում նա հնարավորություն կունենա ներկայացնելու իր բացատրությունները և փորձելու հիմնավորել իր վարքագիծը։ Սակայն վարչությունը նրան հրավիրելու հստակ մտադրություն առայժմ չի դրսևորել։
Նշենք նաև, որ դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել խմբի կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Հուլիսի 28-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հինգ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ խմբի կողմից ֆիզիկական ներգործության վերաբերյալ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպառնալ ընդդիմությանը եւ նոր հոկտեմբերի 2 է պլանավորում՝ հասնելու Ալիեւի պահանջով Սահմանադրությունը փոխելու նպատակին։ «Շատ տարօրինակ մի բան տեղի կունենա. եթե սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, ապա հիմա հնարավոր է` իշխանությունը սկսի ցույց անել, ու արդյունքում ժողովուրդը պահանջի ընդդիմությունից, որ կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին»,- այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 2-ը նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի եւ սահմանադրական արժեքների վրա հարձակման օր, երբ Փաշինյանի հրահանգով այդ օրը ժողովուրդը ներխուժեց խորհրդարան, եւ ճնշման ներքո խորհրդարանը ցրվեց, ու հայտարարվեցին արտահերթ ընտրություններ։
Բայց, ըստ ամենայնի, Փաշինյանը հիմնովին կտրվել է իրականությունից, եթե հույս ունի, որ 18-ի նման իր կոչով մարդիկ դուրս կգան փողոց ու ակցիա կանեն, այն էլ՝ պահանջելու, որ Հայաստանը կատարի Ալիեւի հերթական պահանջը։

Русский