Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։
Ողջունելով հյուրերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց պատվիրակության անդամներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության, առկա հիմնախնդիրների՝ միջազգային հարթակներում բարձրաձայնման համար։
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ բռնի տեղահանված արցախցիների իրավունքնրի պաշտպանության հրամայականին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը՝ կարևորելով այս առնչությամբ միջազգային իրավասու կառույցների, Քույր Եկեղեցիների և քրիստոնեական կազմակերպությունների առավել գործուն հասցեական արձագանքը։
Այս համատեքստում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ իրական և տևական խաղաղությունը պետք է խարսխված լինի արդարության, ճշմարտության, մարդկային արժանապատվության, կրոնական ազատության և ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա։

Русский