Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իլիանա Յոտովան հաղթում է Բուլղարիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Blog Image

Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։

«Alpha Research» և «Myara» սոցիոլոգիական կենտրոնների կողմից իրականացված զուգահեռ հաշվարկների տվյալներով՝ ընտրողների մոտ 58%-ը ձայն է տվել Յոտովային և նրա թիմակից՝ փոխնախագահի թեկնածու Կիրիլ Վալչեւին։ Նրանց մրցակիցները՝ նախկին վարչապետ Անդրեյ Գյուրովը և Գեորգի Կանդեւը, ստացել են ձայների մոտ 39%-ը։

Այլ կազմակերպությունների անցկացրած հարցումները նույնպես վկայում են Յոտովայի հաղթանակի մասին։ Եթե այս արդյունքները հաստատվեն, Յոտովան կդառնա առաջին կինը, ով հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում։ Նա պետության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր դեռևս 2026 թվականի հունվարին՝ Ռումեն Ռադեւի վաղաժամկետ հրաժարականից հետո՝ փոխնախագահի պաշտոնից անցնելով նախագահի պաշտոնին։

Անդրեյ Գյուրովն արդեն ընդունել է իր պարտությունը։ Ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ ընդունում է ընտրությունների արդյունքները, թեև դրանք իր համար անակնկալ են եղել։ Նա նշել է, որ Բուլղարիային «դժվարին ժամանակներ» են սպասվում, սակայն շեշտել է, որ երկիրը պետք է միավորվելու ուղիներ գտնի՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար։ «Ոչինչ ապարդյուն չանցավ, և լավագույնը դեռ առջևում է. մենք ամուր հիմք ենք ստեղծել ապագա զարգացման համար», - ասել է Գյուրովը։

Ըստ Բուլղարիայի ազգային ռադիոյի՝ հարցումների տվյալներով, երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 27,2%, ինչը միայն փոքր-ինչ է գերազանցում առաջին փուլում գրանցված ռեկորդային ցածր՝ 23% ցուցանիշը։

Հոկտեմբերի 25-ին կայացած առաջին փուլում նախագահի 27 թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների անհրաժեշտ մեծամասնությունը։ Այն ժամանակ Յոտովան ստացել էր ընտրողների 34,76%-ի, Գյուրովը՝ 31,95%-ի, իսկ ազգայնական «Վերածնունդ» («Revival») կուսակցության ներկայացուցիչ Կոստադին Կոստադինովը՝ 12,54%-ի աջակցությունը։

Send