Անվադողեր, հիգիենայի միջոցներ, լուսանկարչական ապարատներ, ֆոտոլամպեր, ինչպես նաև մի շարք այլ ապրանքներ առաջիկայում Հայաստանում կդրոշմավորվեն։ Նախատեսվում է ներդնել նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական նոր ծրագրեր, որոնց նպատակն է ստվերի կրճատումն ու շուկայում շրջանառվող ապրանքների լիարժեք հետագծելիության ապահովումը։
Նոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկելու են նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր՝ ընդլայնելով պարտադիր կամ փորձնական հսկողության ենթակա ապրանքախմբերի շրջանակը։
MediaHub-ի ուսումնասիրության համաձայն՝ նոր նախագծով նախատեսվող ցանկն էապես ընդլայնվել է՝ ներառելով բազմաթիվ նոր ոլորտներ։
Ի՞նչ ապրանքներ են հայտնվել նոր ցանկում
Նախագծի համաձայն՝ դրոշմավորման փորձնական ծրագրում ընդգրկված ապրանքախմբերն են․
Կրակմարիչներ և հրդեհային անվտանգության սարքավորումներ, պիրոտեխնիկական արտադրանք
Հիգիենայի միջոցներ
Հեծանիվներ
Ծխախոտի փոխարինիչներ
Կենցաղային ապրանքներ
Լուսանկարչական ապարատներ և ֆոտոլամպեր, այլ սարքավորումներ
Դողեր և ավտոդողեր, ավտոպահեստամասեր, քսայուղեր և տեխնիկական հեղուկներ
Կոշկեղեն, խաղալիքներ
Ծովամթերք, մակարոնեղեն, այլ պատրաստի մթերք, քացախ, հրուշակեղեն, սննդային հավելումներ
Բժշկական արտադրատեսակներ, անասնաբուժական դեղամիջոցներ, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ
Բնական մորթուց հագուստի առարկաներ
Ինչո՞ւ է անհրաժեշտ համակարգի ներդրումը
Ինչպես նշվում է փաստաթղթում, գործող համակարգում առկա են մի շարք հիմնարար խնդիրներ՝ ոչ բոլոր ապրանքներն են ենթակա դրոշմավորման, լիարժեքորեն չի ապահովվում ապրանքների շրջանառության ամբողջ շղթայի հետագծելիությունը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանողների համար անհրաժեշտություն է առաջանում համապատասխանեցնել արտահանվող ապրանքների դրոշմավորումը ԵԱՏՄ միասնական պահանջներին։
Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ՀՀ-ում ստեղծել թվային էկոհամակարգ, որը հարթակ կծառայի լրացուցիչ G2B (պետություն-բիզնես) և B2B (բիզնես-բիզնես) թվային ծառայությունների զարգացման համար։ Այն ինտեգրված է ԵԱՏՄ երկրների համանման համակարգերի հետ՝ հնարավորություն տալով իրական ժամանակում (real-time) վերահսկել ապրանքների քանակն ու որակը։
Ակնկալվող արդյունքները. Ո՞վ ինչ կշահի
Պետություն. Ստվերային շրջանառության նվազեցում, հարկային լրացուցիչ մուտքերի ապահովում, բիզնես միջավայրի թափանցիկություն և իրական ժամանակում վիճակագրական տվյալների առկայություն։
Բիզնես. Մրցունակության բարձրացում հավասար պայմաններում, ինչպես նաև ԵԱՏՄ կանոնակարգերին ներդաշնակեցման արդյունքում առևտրային գործընթացների ու լոգիստիկայի պարզեցում։
Սպառողներ. Կեղծ և անորակ ապրանքների շրջանառության սահմանափակում, քաղաքացիների կյանքի ու առողջության պաշտպանություն, ինչպես նաև հասարակական վերահսկողության իրական հնարավորություն։
Նոր թվային էկոհամակարգը ապագայում հնարավորություն կտա ինտեգրվել նաև այլ էլեկտրոնային ծառայությունների հետ՝ ներառյալ էլեկտրոնային հարկային հաշիվները, ռիսկերի գնահատումը և շուկայի մոնիտորինգը։
Մարիաննա Արամյան

Русский