Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում սահմանվել է նոր համաշխարհային ռեկորդ. ստեղծվել է 440 մետրից ավելի երկարությամբ տիրամիսու։ Իտալացի խոհարարները ստեղծել են հսկա աղանդերը՝ գերազանցելով նախորդ ռեկորդը և ընդգրկվելով Գինեսի ռեկորդների գրքում։
Խոհարարական ռեկորդը սահմանվել է «Չելսի Թաուն Հոլլ» շենքում, որտեղ մոտ 100 իտալացի խոհարարներ աշխատել են 2 օր։ Նրանց նպատակն է եղել գերազանցել Միլանում Գալբանիի կողմից սահմանված նախորդ ռեկորդը։ Այդ ժամանակ աղանդերը 273.5 մետր երկարություն է ունեցել։
Գինեսի ռեկորդների կանոնների համաձայն՝ աղանդերը պետք է պատրաստվեր դիտորդների ներկայությամբ։ Հսկա տիրամիսուի ստեղծման համար օգտագործվել է մոտ 50,000 սավոյարդի թխվածքաբլիթ և ավելի քան 3,000 հավի ձու։ Պատրաստի աղանդերը կազմել է 440.6 մետր երկարություն՝ պաշտոնապես գերազանցելով նախորդ համաշխարհային ռեկորդը։
Նոր ռեկորդի գաղափարը առաջարկել է իտալացի խոհարար Միրկո Ռիչչին։ Նախկինում նա նման նվաճման էր հասել 2017 թվականին Իտալիայում, սակայն 2019 թվականին իտալացի խոհարարների մեկ այլ թիմ գերազանցել էր ռեկորդը։ Նրա խոսքով՝ աղանդերը նվիրված էր եղել բրիտանական թագավորական ընտանիքին և զարդարված դեկորատիվ ոսկե թագով։

Русский