«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն Ամանորից մի քանի օր առաջ Նախաքննական մարմինը Արագածոտնի թեմի հոգեւորականների բնակարաններից առգրաված իրերը հետ է վերադարձրել՝ բացառությամբ անձնական հեռախոսների ու առգրավված գումարների:
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ շուրջ 1 ամիս շարունակ փաստաբանները ահազանգում էին, որ հոկտեմբերի 15-ին իրականացված խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգեւորականներին, այլեւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսներ, երեխաների պլանշետներն ու այլ անձնական իրեր։ Խուզարկությունները տեղի էին ունեցել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների եւ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։
Դեպքից հետո փաստաբանները նշել էին, որ առգրավված իրերի մեջ կային անձնական եւ ընտանեկան բնույթի նյութեր, որոնք կապ չունեն քրեական գործի հետ։
Եվ ահա ամիսներ առաջ առգրավված իրերի մի մասը հետ են վերադարձվել հոգեւորականների հարազատներին, իսկ հեռախոսներն ու գումարները դեռ չեն վերադարձրել։
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել Արագածոտնի թեմի առաջնորդի վերաբերյալ քրեական վարույթով ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իրավապահ մարմիններում այս օրերին շունչները պահած սպասում են Նիկոլ Փաշինյանի այցին՝ իրենց ղեկավարած գերատեսչություններ։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է անձամբ այցելել տարբեր գերատեսչություններ, հանդիպումներ ունենալ աշխատակազմի և ղեկավար անձանց հետ, հարցեր տալ նրանց կատարած աշխատանքների,գրանցած արդյունքների վերաբերյալ։ Կարճ ասած՝ Փաշինյանը հաշվետվություն է պահանջում:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները նշում են, որ իրավապահները շատ լուրջ են պատրաստվում Փաշինյանի գալուն․ փաստաթղթեր են հավաքում, գրություններ պահանջում իրենց ենթականերից, որպեսզի Փաշինյանի բոլոր հարցերին պատասխան ունենան։
Կարելի է ասել, որ համակարգում կյանքը գործնական առումով կանգ է առել մինչև Փաշինյանի գալն ու գնալը։ Չի բացառվում, որ դրանից հետո լինեն պաշտոնանկություններ և ազատման դիմումներ:
Նշենք, որ Փաշինյանն արդեն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն, իսկ երեկ՝ ՀՀ արդարադատության նախարարություն»։

Русский