«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելով չեն բավարարվել: Թեժ քննարկվում է նաև այն հարցը, թե ինչու են իրավապահ մարմինները, իրենց գնահատմամբ, չափազանց դանդաղ առաջ շարժվում, և սպասում են, թե երբ է այս պատմությունը հանգուցալուծվելու։
Հիշեցնենք՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը, անդրադառնալով Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած թեժ միջադեպին, հայտարարել էր, որ իր կարծիքով՝ այդ հարցի հետ կապված ինչ-որ մեկը պետք է նստի: Հիմա ՔՊ-ում հարց են բարձրացնում՝ այդ մարդը պետք է լինի Հայկ Սարգսյանը, բա հո Ալեն Սիմոնյանը չի «նստի»։
Եվ այս ֆոնին գլխավոր հարցը մնում է բաց․ ի՞նչ ընթացք կստանա Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված պատմությունը, և արդյո՞ք իրավապահները կձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն գործի հանգուցալուծմանը՝ տանելով նախկին ՔՊ-ականին կալանքի։
Հավելենք, որ այս պատմությունը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ծանր հետևանք է ունեցել Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի վրա, որը մինչև վերջ կարծել է, թե Փաշինյանն իր որդու հետ դաժան չի վարվի: Մինչդեռ Փաշինյանը նախ ազատեց իր երբեմնի վստահելի, հավատարիմ Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայր Նաիրի Սարգսյանին, ապա չեզոքացրեց նաև Հայկ Սարգսյանին, քանի որ նա օլիգարխ դառնալու հակումներ է ցուցաբերել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Русский