Այս օրերին ՀՅԴ-ի շուրջ ծավալվող քննարկումները նոր չեն ու ակունքները գալիս են դեռևս նախընտրական քարոզարշավից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր «եռագլուխ հրեշին» գլխատելու մասին։ Մի գլուխը ըստ էության «գլխատված է», ի դեմս Բարգավաճ Հայաստանի, բնականաբար հաջորդը պետք է լինի «Հայաստան» դաշինքը, որի հիմնական կորիզը խոշոր հաշվով ՀՅԴ-ն է։
Բնականաբար ՀՅԴ-ի վրա իրականացվող գրոհում մեծ չափաբաժին է կազմում նաև պարզամտությունը։ Ոմանք փորձելով հիմնավորել ՀՅԴ-ի փակման անհրաժեշտությունը, մանկամտորեն կրկնում են. «Ինչպես ասել է Հովհաննես Քաջազնունին՝ «Հայ հեղափոխական դաշնակցությունն այլևս անելիք չունի»»։
Նախ՝ Հովհաննես Քաջազնունին պարզապես չի ասել, որ ՀՅԴ այլևս անելիք չունի ու գնացել օրինակ՝ քնելու։ Դա աֆորիզմ չէ, որպեսզի ուղղակի կրկնեն այնպես, ինչպես մեջբերում են Լարոշֆուկային, որը միայն աֆորիզմներ է հեղինակել։ Առավել քան վստահ եմ, որ Քաջազնունուն հիշատակողների ճնշող մեծամասնությունը տեղյալ չէ, որ դա վերջինիս զեկույցն է, որը նա ներկայացրել է համաժողովի ժամանակ։ Մեջբերողները հիմնականում լսել են, այն էլ ականջի պոչով, միայն այդ նախադասությունն ու ամենևին պատկերացում չունեն, թե ինչի մասին է խոսքը։ Ավելին, այդ մեջբերողների մեծ մասը հավանաբար տեղյակ էլ չէ, թե ընդհանրապես ով է եղել Հովհաննես Քաջազնունին։
Երկրորդը՝ երբ պատմական հեռավորությունից փորձում են գնահատական տալ որևէ իրադարձության, որևէ գնահատականի, հոդվածի կամ զեկույցի, ապա անպայման պետք է հաշվի առնել, թե պատմական ինչ ժամանակահատվածում, քաղաքական ինչ պայմաններում ու հանգամանքներում է դա տեղի ունեցել։ Նաև կարևոր է հաշվի առնել, թե քաղաքական գնահատական հնչեցնողն ինչպիսի անձնական պատկերացումներ, ընկալումներ ու ինչպիսի փոխհարաբերություններ է ունեցել այն ուժի հետ, որի վերաբերյալ հնչեցնում է քաղաքական գնահատականը։
Խոսքն ամենևին այն մասին չէ, արդյո՞ք ճիշտ էր Հովհաննես Քաջազնունին, թե՝ ոչ, այլ այն, որ 21-րդ դարում հղում անելով Քաջազնունու ընդամենը մեկ նախադասությանը ու դրանով փորձելով արդարացնել Նիլոլ Փաշինյանին, ապա ոմանց պարագայում մանիպուլյացիա է, շատերի պարագայում էլ ցույց է տալիս գիտելիքների մակերեսային բնույթը։
Իսկ իրականում այս ամենի հետ ո՛չ Քաջազնունին, ո՛չ պատմական անցյալն ու ակնարկը որևէ կապ չունեն։ Պատճառը նախ արմատախիլ անելն է այն ամենը, ինչն առնչվում է ազգայինի հետ։ Երկրորդը՝ ուղղակիորեն կապ ունեն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության ու աշխարհաքաղաքական վերադասավորումների հետ։ Պետք չէ հարցը ընկալել պարզագույն ռուսամետ, թե՝ արևմտամետ պրիզմայով։ Իրականում գործընթացները շատ ավելի լայն ու խորը բնույթ են կրում։ Թե՛ Դաշնակցության դեմ գրոհը, թե՛ Գագիկ Ծառուկյանի ու Ռոբերտ Քոչարյանի կալանավորումներն ու ունեզրկումները, որոնք Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իբրև «ժողովրդի ունեցվածքի վերադարձ», պայմանավորված են հենց տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներով։
Ավելորդ է խոսել այն մասին, որ ժողովրդավարության պայմաններում անընդունելի է կուսակցության փակումը, եթե նույնիսկ այն ուղղակիորեն խանգարում է իշխող ուժի ծրագրերի իրականացմանը։ Անընդունելի է, եթե նույնիսկ այդ հակազդեցությունը կարող է հանգեցնել իշխանափոխության։ Բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ կհամարձակվեր կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ էլ կհամարձակվեր ՀՅԴ-ի փակման նույնիսկ ակնարկ անել, եթե արտաքին կենտրոնների կողմից չունենար քարտ բլանշ։ Իսկ աշխարհաքաղաքական դասավորումների համատեքստում ժողովրդավարությունը, խոսքի ազատությունն ու հիմնարար այլ արժեքները գրոշի արժեք չունեն։
Ամենայն հավանականությամբ թիրախում հաջորդը կլինի Սամվել Կարապետյանը, բայց միայն նա, այլ ոչ իր հիմնած քաղաքական միավորը։ ՀՅԴ-ն ու «Ուժեղ Հայաստանը» թե՛ քաղաքական հետագծով ու կենսագրությամբ, թե՛ քաղաքական ավանդույթով, թե՛ գաղափարական առումով, թե՛ ներկուսակցական կառուցվածքով ու մշակույթով որևէ աղերս չունեն։ Ես ամենևին չեմ քննադատում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, պարզապես չեմ կարողանում հասկանալ մոտիվացիան, թե ինչու պետք է իշխանությունը փորձի այդ կուսակցությունը փակել։
Կարեն Կարապետյան

Русский