«Անհայտ անձինք, ներկայանալով «Թիմ Տելեկոմ» ԲԲ ընկերության աշխատակիցներ, օտարերկրյա հեռախոսահամարներից զանգահարում են բաժանորդներին, խաբեության միջոցով նրանցից պահանջում բանկային քարտերի տվյալներ, գաղտնաբառեր և այլ անձնական տեղեկություններ, ինչի արդյունքում իրականցվում է համակարգչային հափշտակություն, և մարդկանց բանկային հաշիվներից դուրս բերվում առկա բոլոր դրամական միջոցները»,-գրում է Արցախից բռնագաղթած փաստաբան Ռոման Երիցյանը՝ շարունակելով.
«Զանգերը հիմնականում կատարվում են WhatsApp հավելվածի միջոցով, խոսակցությունը՝ ռուսերեն լեզվով։ Քաղաքացիներին մոլորության մեջ գցելով՝ նրանք ներկայացնում են «5G» ինտերնետի կարգավորման կամ տեխնիկական թարմացման անհրաժեշտություն։
Միայն այսօր ստացել եմ շուրջ երկու տասնյակ ահազանգեր, իսկ նշված անձանց պատճառված վնասը կազմում է արդեն մի քանի տասնյակ միլիոն դրամ։
Կրկնում եմ. ձեր տվյալները փոխանցելու դեպքում ձեր բանկային հաշիվները զրոյացվելու են վայրկյանների ընթացքում»։

Русский