Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերահաստատել է Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մշակումն ավարտելու Թեհրանի վճռականությունը՝ ընդգծելով երկու հարևանների միջև տնտեսական և տարանցիկ համագործակցության ընդլայնման կարևորությունը, հաղորդում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Փեզեշքիանը հայտարարել է, որ հարևան երկրների, մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունն է:
Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցության խորացումը կծառայի երկու երկրների շահերին: Նա դրական առաջընթաց է արձանագրել տնտեսական, շինարարական և միջանցքների ստեղծման նախագծերում՝ շնորհակալություն հայտնելով Երևանին Հայաստանում գործող իրանական ընկերություններին աջակցելու համար:
Նա նաև վերահաստատել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով Թեհրանի հավատարմությունը խաղաղությանը, կայունությանը և ամուր անվտանգությանը, և ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը:
Պապիկյանն իր հերթին Իրան-Հայաստան հարաբերությունները բնութագրել է որպես ամուր, կայուն և ընդլայնվող: Նա բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում երկու երկրների վերջին համագործակցությունը և նշել, որ աճող տնտեսական և տրանսպորտային կապերն էլ ավելի են ամրապնդում երկկողմ հարաբերությունները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար:

Русский