Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մոտ 10 հազար աշխատող մեկ օրում գործազուրկ դարձավ․ աշխատատեղեր խոստացող Փաշինյանը մարդկանց «բոմժ» է դարձնում

Blog Image

Երեկ առավոտից գործարար, խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող մի քանի տասնյակ ընկերություններում ուժայինների կողմից իրականացվող խուզարկություններն ավարտվեցին դրանց սեփականատիրոջ նկատմամբ ՔԿ-ի ներկայացրած կալանքի միջնորդությամբ ու նրա հիմնած ընկերությունների մեծ մասի կապարակնքմամբ։ Իսկ դա նշանակում է, որ այդ ընկերություններում հազարավոր աշխատողներն անորոշ ժամանակով հարկադիր պարապուրդի մատնվեցին, եթե ոչ դարձան անհուսալի գործազուրկ։

Ինչպես տեղեկացրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնի» կազմում գործող գրեթե մեկ տասնյակ ընկերությունների գործունեությունն այս պահին պարտադրված դադարեցվել է, ինչի հետևանքով այդ ընկերությունների մոտ 10 հազար աշխատակից հարկադիր պարապուրդի է մատնվել։

Ավելի վաղ Իվետա Տոնոյանը տեղեկացրել էր, որ կապարակնքվել ու գործունեությունը դադարեցրել են Օլիմպիական կոմիտեն, «Արարատցեմենտ» գործարանը, «Մուլտի վելնեսը», Երևանի «Արարատ»  կոնյակի, գինու, օղու կոմբինատը, «Մուլտի սթոուն», «Փարավոն» ռեստորանն ու ընկերություններ։

Ավելի վաղ, նախքան խուզարկությունները սկսելը, իշխանությունն ուժը կորցրած էր ճանաչել Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան, որի 500 աշխատակիցները փողոցում էին հայտնվել՝ նոր աշխատանք գտնելու բարդ խնդրի առաջ կանգնելով։

Փաստացի ստացվում է, որ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերի լիդերներին, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին բոմժ դարձնելու խոստումը կիրառում է նաև նրանց պատկանող հիմնարկներում աշխատողների վրա՝ առանց հաշիվ տալու, թե այդ մարդիկ ինչ միջոցներով են գոյատևելու մինչև նոր աշխատանք գտնելը։

Փաշինյանն իր համար թշնամիներ է հայտարարել ոչ միայն ընդդիմադիր այդ քաղաքական առաջնորդներին, այլև նրանց հիմնարկներում աշխատող ՀՀ քաղաքացիներին, որոնց քվեները նա փորձում էր մուրալ 288 հազար նոր աշխատատեղ ստեղծելու մասին ոտքի վրա հորինած հեքիաթներով։ Սրա նախադեպը եղավ ՀԷՑ-ի աշխատակիցների կրճատումը հիմնականում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձնակազմից, որոնց տեղերում յուրայիններ նշանակվեցին։

Կվերաշահագործվե՞ն արդյոք Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները, դրանց աշխատակիցները կվերադառնա՞ն իրենց բնականոն աշխատանքին, թե՞ պետությունը վերջնականապես կդադարեցնի դրանց գործունեությունը՝ համենայն դեպս մինչև Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործերի քննության ավարտը։ Իսկ Հայաստանում նման գործերի դատավարությունը կարող է տարիներ տևել։

Մյուս կողմից էլ եթե դրանց սեփականատիրոջը սննկացնեն, բնականաբար այլևս հնարավորութուն ու միջոցներ չեն լինի այդ ընկերությունները շահագործելու համար, և ընկերություններն ակամա կդադարեն գործել։ Պետությունը, եթե այս հիմնարկները նույնպես ՀԷՑ-ի օրինակով որոշի պետականացնել, ապա կկարողանա՞ դրանք նախկին թափով ու կազմով շահագործել, որպեսզի մարդիկ չզրկվեն աշխատանքից, թե՞ կվաճառի նոր սեփականատերերի։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը սպառնացել էր Ծառուկյանին, որ ՀԷՑ-ի ճակատագրին է արժանացնելու նաև «Արարատցեմենտ» գործարանը՝ պետականացնելով այն, որից հետո դատախազությունն անմիջապես անցավ նրա հրահանգը կատարելուն և մի շարք խախտումներ հայտնաբերեց գործարանում։ Իսկ մնացած ընկերությունների ճակատագիրն անհայտ է։

Սրանք հարցեր են, որոնք նաև ԲՀԿ առաջնորդին պատկանող ընկերությունների հազարավոր աշխատակիցներին են հետաքրքրում։ Ի վերջո այսօր նրանք կանգնած են մեկ օրում աշխատանքը կորցնելու լուրջ վտանգի առաջ, այնինչ Հայաստանում գործազուրկ մարդը պետական որևէ լուրջ աջակցություն չի ստանում իր տարրական կեցությունը հոգալու համար մինչև համապատասխան աշխատանք գտնելը։ Հայաստանում երկրի ղեկավարը մարդկանց բոմժ ու գործազուրկ դարձնելուց հետո նրանց վրա միայն կարողանում է մուննաթ գալ և ասել, որ ծույլ են, չեն սիրում աշխատել, մեծամտորեն հայտարարել՝ թող աշխատեն, որ տուն առնեն, թող աշխատեն, որ ապրեն, պետությունը պարտավոր չէ նրանց պահել որպես ձրիակերների, Հայաստանում այդպիսի մարդկանց անգամ նպաստներից են զրկում։ ժողովրդին սիրող ու նրան սրտիկներ ուղարկող առաջնորդը նախ կհոգար մարդկանց աշխատանքով ապահովելու մասին, նոր կլծվեր նախկին աշխատատեղերը փակելու գործին։ Կամ անմիջապես իր նախարարներին կհրահանգեր հոգալ աշխատանից զրկված մարդկանց մասին, որոնք ի դեպ մեծ մասամբ ծանրաբեռնված են և վարկերով, և ընտանիքի մասին հոգսերով, ու վերջապես ապրելու միակ միջոցը, եկամուտի միակ միջոցը այդ պահին ունեցած աշխատանքն է։ Ոչ կողքից բիզնես ունեն, ոչ պետական բյուջեի հաշվին պարգևավճարներ են ստանում և ոչ էլ հետ գցած ու հայտարարագրած հսկայական ավանդներ ունեն։

Թագուհի Ասլանյան

Send