Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ռազմական ագրեսիան վերաճեց տարածաշրջանային հակամարտության: Եթե Իրանն ու Իսրայելը հրթիռակոծում են Իրանում գտնվող ռազմական, ենթակառուցվածքային և անգամ քաղաքացիական օբյեկտները, ապա Իրանը ռմբակոծում է ոչ միայն Իսրայելի ռազմավարական կարևոր օբյեկտները, վարչական կառույցները, այլ նաև այն արաբական պետությունները, որոնցում տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները՝ Օման, Կատար, Քուվեյթ, Բահրեյն, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Հորդանան: Ռազմական գործողությունները մարելու միտում չունեն, հակառակը՝ դրանք սպառնում են ընդլայնվել և ավելի շատ պետությունների ռազմական գործողությունների մեջ ներքաշել: Ինչպիսի զարգացում կստանա պատերազմը և երբ, ինչ պայմաններում է հնարավոր, որ պատերազմող կողմերից մեկը հրադադար խնդրի: Այս և պատերազմին առնչվող այլ հարցերի մասին MediaHub-ը զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ:
- Պարոն Պետրոսյան, ի՞նչ կանխատեսումներ կան՝ երբ և ինչ պայմաններում կարող է ավարտվել այս պատերազմը: Թրամփը հայտարարում է, թե իրենք պատրաստ են 4-5-շաբաթյա պատերազմի, Իրանն էլ հակադարձում է, թե որքան էլ տևի պատերազմը, իրենք դրան դիմագրավելու ներուժ ունեն:
- Նախ նշեմ, որ պատերազմն ընթանում է այն տրամաբանությամբ, ինչը կանխատեսվում էր փորձագետների, այդ թվում՝ իմ կողմից: Այս հակամարտությունը, ելնելով դրա առանձնահատկություններից, հենց այսպիսի ընթացք պետք է ունենար:
Այս հակամարտությանը նախորդել են տարբեր շրջափուլեր, եղել է հիբրիդային հակամարտության փուլ, թիրախային խոցումների փուլ, 2025 թվականի հունիսին կարճատև պատերազմի փուլ: Այս պատերազմը, հաշվի առնելով կողմերի գործողությունների ընթացքը, հաշվարկված վերջնանպատակները, կարծես թե վերջին ճակատամարտի տրամաբանությամբ է, որը պետք է ունենա վերջնական հանգուցալուծում: Երկու հիմնական գործոն կա, որոնցով էլ պայմանավորված է պատերազմի ավարտը: Առաջինը հարձակվող կողմի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի վերջնանպատակի հաստատումն է: Դա Իրանում գործող վարչակարգի տապալումն է և նոր ժամանակավոր իշխանության ձևավորումը: Հաշվի առնելով իրանական կողմի դիմադրության վճռականությունն ու պատրաստակամությունը, ծավալներն ու ձևաչափերը, ինչպես նաև այն, որ իրանական կողմը, հասկանալով իր հակառակորդի նպատակները, բավականաչափ գրագետ նախապատրաստվել է և փորձում է ձախողել դրա իրականացումը։ Վերջնանպատակին հասնելու ամերիկաիսրայելական մտադրությունը՝ միայն արտաքին միջամտությամբ, առանց ներքին միջամտության, բավականաչափ բարդ է լինելու, եթե ոչ անհնարին: Երկրորդ գործոնը, որը կարող է հանգեցնել պատերազմի ավարտին, ռեսուրսների սպառումն է թե՛ հարձակվող, թե՛ պաշտպանվող կողմի համար: Ռեսուրսների սպառումը կարող է որոշակի դադար հաստատել ռազմական գործողություններում, կամ թուլացնել դրանք: Թե այս սցենարներից որն է այս պահին առավել հավանական, դժվարանում եմ ասել:
- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն, անդրադառնալով Իրանի կողմից Ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածներին, նշել է, որ դա Իրանի ռազմավարությունն է։ Ըստ Ֆիդանի՝ Ծոցի երկրները մեծ ջանք են գործադրել պատերազմի բռնկումը կանխելու համար։ Նա նշել է, որ հարձակումից մեկ ժամ առաջ Կատարի վարչապետը և արտգործնախարարը փորձել են կանխել պատերազմի սկսվելը։ Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ Իրանի կողմից միջնորդ երկրների՝ Օմանի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Հորդանանի վրա ռմբակոծությունները սխալ ռազմավարություն են, դրանք զգալիորեն մեծացնում են տարածաշրջանում անկայունության ռիսկը: Իրանն այլընտրանք ունե՞ր չհարվածելու այդ պետություններին, որտեղ, ի դեպ, ամերիկյան ռազմաբազաներն են տեղակայված: Մյուս կողմից էլ Իրանի կողմից ռիսկային քայլ չէ՞ այդ պետությունները հրթիռակոծելը, ի վերջո նրանք ևս կարող են ներգրավել նրա դեմ ռազմական գործություններում:
- Այս տարածաշրջանային պատերազմում ներգրավված են Թուրքիայի համար շատ կարևոր դերակատարներ: Մի կողմից հարևան Իրանն է՝ ռազմավարական գործընկեր, մյուս կողմից Միացյալ Նահանգները, որը էլի ռազմավարական գործընկեր է ՆԱՏՕ-ի շրջանակում, Թուրքիայի համար նաև գործընկեր են արաբական երկրները, որոնց հետ Թուրքիան շատ կարևոր հարաբերություններ ունի: Եվ Թուրքիան պետք է փորձի բոլորի հանդեպ հավասարակշռություն պահպանել պաշտոնական արձագանքները ներկայացնելիս, որպեսզի որևէ պետության հետ հարաբերություններում խնդիրներ չառաջանան: Թուրքիայի նման դիտարկումը դրանով է պայմանավորված:
Ինչ վերաբերում է Իրանի գործողություններին, իհարկե, արաբական պետությունների ենթակառուցվածքներին հարվածելը ռիսկային քայլ է, բայց Իրանն այլ ճանապարհ չունի: Իրանի պաշտպանական և անվտանգային քաղաքականությունը ԱՄՆ-ի դեմ հակամարտության ժամանակ միշտ ներառել է տարածաշրջանային պատերազմի հնարավորությունը, և դա եղել է զսպիչ գործոններից մեկը, որը կարող էր չեզոքացնել Միացյալ Նահանգների կողմից պատերազմի հավանականությունը: Բայց քանի որ այս զսպող գործոնը չկանխեց պատերազմը, հիմա Իրանը պետք է այդ նույն ռազմավարությամբ տարածաշրջանի արաբական երկրներին թիրախավորելով փորձի նրանց ճնշումն օգրագործել ԱՄՆ-ի վրա և վերջ դնել պատեևազմին:
Նշեմ նաև, որ արաբական երկրների համար բավականին բարդ է Իրանի հարվածներին պատասխանելը. եթե նրանցից մեկը ներքաշվի պատերազմի մեջ, ապա այդ երկրներում արդեն ոչ միայն ամերիկյան ռազմաբազաները կթիրախավորվեն, այլ նաև այդ երկրի բոլոր ենթակառուցվածքները՝ ռազմական, վարչական, հնարավոր է նաև քաղաքացիական: Ուստի նրանք դժվար թե ռիսկ անեն և միանան Իրանի դեմ ռազմական գործողություններին, և կսահմանափակվեն միայն դիվանագիտական մակարդակում Իրանին պատասխանելով:
- ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ նաև ցամաքային պատերազմ սկսելու իր մտադրության մասին՝ Իրանում առկա քրդական ներուժի օգտագործմամբ: Որքանո՞վ եք հավանական համարում այդպիսի զարգացումը:
- Ինչպես նշեցի, այս պահին միայն Իրանի վրա արտաքին միջամտությամբ անհնարին է թվում ամերիկաիսրայելական կողմի համար սահմանված վերջնանպատակին հասնելը: Դրա համար անհրաժեշտ են նաև ցամաքային գործողություններ, ինչն ԱՄՆ-ի համար բավականին բարդ է, նրանք կփորձեն Իրանի ներսում բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել երկիրը ներսից թեժացնելու համար: Դրա համար կարող են օգտագործել քրդերի գործոնը կամ Իրանում գործող վարչակարգին դեմ հասարակության տարբեր շերտերի ըմբոստությունը: Սա ևս կանխատեսելի սցենար է: Երկրի ներսում թե ԱՄՆ-ը, թե Իսրայելը տարիներ շարունակ ձևավորել են բավականին ազդեցիկ գործակալական ցանցեր՝ տարբեր էթնիկ խմբերի հետ համագործակցելով: Հիմա կփորձեն դրանք ակտիվացնել:
Թագուհի Ասլանյան

Русский