Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվել է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցելէ Սուրբ և Անմահ Պատարագ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա են եղել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, քաղաքական-հասարակական գործիչներ և ուխտավոր հայորդիներ:
Հայրապետական խաչվառազարդ թափորը զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից ամպհովանիով ուղեկցել էդեպի Մայր Տաճար:
Հայրապետական ամպհովանին կրում էին Արագածոտնի թեմի թեմական խորհրդի ատենապետ Գրիգոր Մովսիսյանը, գեղանկարիչներ՝ Տիգրան Բարխանաջյանը, Միքայել Հարությունյանը և Մայիս Մխիթարյանը։
Սրբազան արարողությանը Հայոց Հովվապետին որպես առընթերականներ սպասավորում էին Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը։
Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին հղել է հայրապետական իր պատգամը՝ փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» կենարար ավետիսը:
Հավարտ Սուրբ Պատարագի՝ կատարվել է Ջրօրհնեքի արարողությունը։ Սուրբգրային ընթերցումներից, ջրօրհնյաց շարականների երգեցողությունից և Բարսեղ Մեծ հայրապետի աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնել է ջուրը: Խաչի այս տարվա կնքահայրն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար տիար Նվեր Մխիթարյանը։
Ջրօրհնեքի արարողության վերջում Վեհափառ Հայրապետը վերստին իր օրհնությունն ու Սուրբ Ծննդյան փրկարար ավետիսն է փոխանցել ներկա հավատավոր ժողովրդին:

Русский