Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու․ «Հրապարակ»

Blog Image

«Հրապարակ» թերթը գրել է․

Ինչպես մի շարք համայնքներում, Վարդենիսում եւս աշնանը տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Այժմ համայնքում մեծ թափով ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում։ Վարդենիսի Իսակովի փողոցում, օրինակ, նախորդ ամիս 1435 մ երկարությամբ վերանորոգման աշխատանքներ են սկսվել, որի համար համաֆինանսավորմամբ հատկացվել է 164 մլն 220 հազար դրամ։ Այս փողոցը չէր վերանորոգվել շուրջ 40 տարի, հիմա դրա համար ամենանպաստավոր ժամանակն է՝ ընտրությունների նախօրյակը։

Վարդենիսի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար էլ համայնքի բյուջեից 107 մլն 900 հազար դրամ է հատկացվել։ Օրերս էլ Սոթք բնակավայրում ոռոգման համակարգը գործարկեցին՝ կարմիր ժապավեն կտրելով։ Այս ամենը լուսաբանվում է համայնքապետ Ահարոն Խաչատրյանի մասնակցությամբ ֆոտոշարքով։ Համայնքապետարանի էջում անգամ մանկապարտեզների հանդեսներն ու 4 տասնյակ անապահով երեխաներին ճամբար ուղարկելու լուսանկարներն են հրապարակվում, որտեղ բաց տեղադրված են խոցելի խմբի երեխաների դեմքերը։ Նախ որպես ընդդիմադիր ընտրված, ապա ճամբարափոխ եղած համայնքապետ Ահարոն Խաչատրյանն ամեն կերպ փորձում է իր հավատարմությունը ցույց տալ Փաշինյանին։ Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը եւս նախկինում թունդ ընդդիմադիր էր, հիմա մտերիմ ընկերոջ` Ահարոն Խաչատրյանի հետ միասին սատարում է ՔՊ-ին։ Մեր տեղեկություններով, Ավետյանն այս անգամ չի առաջադրվելու, աջակցելու է Խաչատրյանին, որը ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է լինելու։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Send