ԱՄՆ-ում Մալայզիայի դեսպան Շահրուլ Իկրամ Յակոբը կանչվել է ԱՄՆ Պետդեպարտամենտ՝ բացատրելու Կուալա Լումպուրի կողմից Իսրայելը չճանաչելու և Իսրայելի քաղաքացիների մուտքը մերժելու քաղաքականությունը, հայտարարել է Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը։
Նախարարի խոսքով՝ մալայզիացի դիվանագետը ամերիկյան կողմին բացատրել է, որ Իսրայելը չճանաչելը երկրի վաղեմի և անփոփոխ պետական քաղաքականությունն է։ «Սա միշտ էլ եղել է Մալայզիայի քաղաքականությունը։ Մենք չենք ճանաչում Իսրայել պետությունը կամ սիոնիստական ռեժիմը։ Սա մեր վաղեմի դիրքորոշումն է եղել», - ասել է Հասանը։
Նախարարը նաև հայտնել է, որ վերջերս Մալայզիա է մուտք գործել մի տղամարդ, որն ունի ԱՄՆ և Իսրայելի կրկնակի քաղաքացիություն՝ օգտագործելով ամերիկյան անձնագիր։ Այն բանից հետո, երբ իշխանությունները պարզել են, որ նա նաև Իսրայելի քաղաքացի է, նրան խնդրել են լքել երկիրը։ Երեկ Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը կրկին հայտարարել է, որ երկիրը կշարունակի արգելել Իսրայելի քաղաքացիների մուտքը՝ չնայած ԱՄՆ Կոնգրեսի ութ անդամների քննադատությանը։

Русский