«Հրապարակ» թերթը գրել է․
Մենք գրել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալության է տրամադրվել կրոնական կազմակերպություններից մեկին, եւ նրանք այնտեղ քանի օր է՝ համաժողով են անցկացնում, որին մասնակցում են նաեւ տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչներ։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը. «Մարզադահլիճը վարձակալել է Հայաստանի Հանրապետության «Եհովայի վկաներ» կազմակերպությունը։ Վարձակալել են մեծ մարզադահլիճը՝ օգոստոս ամսվա յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերի համար։ Վարձակալության համար վճարել են 200 մլն դրամ»։ Հատկանշական է, որ այս համաժողովները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Հայ առաքելական եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Հրապարակ» թերթը գրել է․
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն իրեն 12 օր չվճարվող արձակուրդ է տրամադրել օգոստոսի 10-ից մինչև օգոստոսի 21-ը եւ որոշման մեջ նշել է, որ մինչև չվճարվող արձակուրդից իր վերադառնալը՝ համայնքի ղեկավարի աշխատանքային պարտականությունները կկատարի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Մկրտչյանը:
Համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այդ օրերին քաղաքապետը ե՛ւ արձակուրդում է եղել, ե՛ւ մի շարք որոշումներ է կայացրել, մասնավորապես՝ հողամասի գործառնական նշանակություն է փոխել, հաստատել է Թալինի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2026թ-ի օգոստոսի 14-ին անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմը, օգոստոսի 13-ին սոցիալական օգնություն է տրամադրել 5 ընտանիքների՝ շինանյութ ձեռք բերելու համար, վիրահատության ծախսերը մասնակի փոխհատուցելու վճար է փոխանցել։
Տավրոս Սափեյան ու Սերգեյ Մկտրչյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին, ուստի հրապարակավ հարց ենք տալիս Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանին եթե Դուք արձակուրդում եք, ՏԻՄ օրենքի որ կետո՞վ եք արձակուրդ գտնվելու ընթացքում որոշումներ կայացրել:

Русский