Այսօր COP17-ի միջոցառումների շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարծանքով նշել է, թե այդ համաժողովի շնորհիվ բարձրացել է Հայաստանի տեսանելիությունը, և բնապահպանությամբ հետաքրքրվող աշխարհի բոլոր մարդկանց ուշադրության կենտրոնն այս օրերին Հայաստանն է։
«Կլինի դա համաշխարհային մեծության աստղ՝ սկսած Լեոնարդո Դի Կապրիոյից մինչև սովորական միջին վիճակագրական բնապահպան, իրենց համար այս օրերին Հայաստանն ուշադրության կենտրոնում է»,- հպարտացել է նախարարը։
Նշենք, որ հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանը՝ Երևանում մեկնարկելիք COP17 համաժողովին ընդառաջ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիա (CARES) ստեղծելու վերաբերյալ, որին հիմնադիր մասնակիցների կարգավիճակով միացել է 16 երկիր։ Լեոնարդո Դի Կապրիոն ինստագրամյան իր էջում է այդ մասին գրառում արել. «Բավական չէ միայն տեսակների անհետացումը կանխելը։ Մենք պետք է փրկենք անհետացման եզրին հայտնված տեսակներին և նպաստենք դրանց վերականգնմանը։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի (COP17) շրջանակում այսօր արված հայտարարությունները վկայում են, որ այս նպատակին հասնելու համար միջազգային ջանքերն ավելի ու ավելի մեծ թափ են հավաքում»։ Դերասանն ընդգծել է, որ նոր նախաձեռնությունը պարտավորվել է ակտիվացնել տեսակների անհետացումը կանխելու և դրանց վերականգնման շոշափելի արդյունքների հասնելու ջանքերը։
Դերասանի գրառումը վերաբերում է հստակ գործողությունների ու այդ գործողությունները կյանքի կոչելու համար ձևավորված նախաձեռնությանը։ Համենայն դեպս, դրանում որևէ խոսք չկա Հայաստանի, հայ ժողովրդի և այս միջոցառման անցկացման վայրի ընտրության բացառիկության մասին, և, թերևս, Դի Կապրիոյի համար միևնույն է, որ այս տարի COP17-ը Հայաստանի մայրաքաղաքում է անցկացվում։ Ուստի հայտարարել, թե Հայաստանը հայտնվել է հոլիվուդյան դերասանի ուշադրության կենտրոնում, ինքնախաբեություն է։
Նույնը կարելի է ասել մնացած հյուրերի մասին, որոնք Երևան էին ժամանել զուտ համաժողովի միջոցառումներին ներկա լինելու, ելույթներ ունենալու և արարողակարգային նպատակներով, և նրանցից որևէ մեկը Հայաստանի հետ կապված բացառիկ առաքելությամբ չէր եկել։ Համոզված ենք, որ հյուրերի մեծ մասը Հայաստանի մասին որևէ տեղեկություն չունի և երևի հետաքրքրված էլ չէ ոչ մեր պատմությամբ, մշակույթով, կրոնով, ավանդույթներով, առավել ևս կենսաբազմազանությամբ ու մեր բնապահպանական խնդիրներով։ Նման արարողակարգային միջոցառումներ չլինելու դեպքում նրանք դժվար թե հետաքրքրվեին որպես զբոսաշրջիկ մեկ անգամ ևս այցելել Հայաստան կամ վերադառնալուց հետո Հայաստանում անցկացրած կարճ ժամանակահատվածի մասին հուշեր գրելով հանրահռչակել մեր երկիրը։
Ուշագրավ է, որ մեր պաշտոնյաները համագումարի մասին խոսելիս ավելի շատ անդրադառնում են նրան, թե դրա շրջանակում որքան փող «կբռնեն», տնտեսական ինչ օգուտ այն կտա մեզ՝ զբոսաշրջային կարճատև ազդեցություն ունենալով, սակայն գրեթե չեն անդրադառնում միջոցառման առաքելության կարևորությանը և դրա շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման արդյունավետությանը։ Ի՞նչ նպատակ է հետապնդում ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիան, և ի՞նչ պարտավորություններ են ստանձնել կողմերը այդ կոնվենցիային միանալով։ Արդյո՞ք սա չպետք է լինի մեր քննարկման առանցքային թեման, այնինչ մեր իշխանությունները COP17-ից մտադիր են զբոսաշրջային նախաձեռնություն սարքել ու կեղծ ակնկալիքներ ունենալ դրանից։
Օրինակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, փոխանակ հայտարարի, որ այս միջոցառման շնորհիվ հնարավոր կլինի նպաստել մեր երկրում անհետացող տեսակների վերացումը կանխելուն, դրանց վերարտադրմանը և բնապահպանական կարևոր ծրագրերի իրականացմանը, հայտարարում է, թե ակնկալվում է հավելյալ 10-15 հազար զբոսաշրջիկի այցելություն Հայաստան, ինչն իր տնտեսական արդյունքները կունենա, և որ նման միջոցառումները, երկրի տեսանելիությունը մեծացնելուն զուգահեռ, կհանգեցնեն ներդրումային միջավայրի լավարկմանն ու նոր ներդրումային հնարավորությունների ավելացմանը։ Արդյո՞ք կենսաբազմազանության պահպանությամբ շահագրգռված և այդ նպատակով Հայաստան ժամանած հյուրերը կդիտարկեն մեր երկրում ներդրումներ կատարելու հեռանկարը, եթե Հայաստանի մասին իրենց պատկերացումները սահմանափակվելու են միայն համաժողովով։
Միայն անգիր արած խոսքերով չէ, որ պետք է ներկայացնել մեր երկրում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում՝ բոլորի ժամանակ նույնական հայտարարություններ անելով, որոնք ավելի շատ նման են միջազգային հարթակներից փող մուրալուն։ ՀՀ կառավարության ներկայացուցիչները այստեղից-այնտեղից փող «կպցնելու» և ուզվորի դերում են հանդես գալիս՝ ամեն կարևոր ու առանձնահատուկ առաքելություն ունեցող միջոցառման մեջ պետական բյուջեն համալրելու հնարավորություն փնտրելով, որ հետո այդ միջոցները բարձր աշխատավարձերի ու պարգևավճարների ձևով բաշխեն միմյանց միջև։
Այդպիսով նաև նսեմացվում է այդ միջոցառումների դերը, երբ դրանց բովանդակությունը աղավաղված է ներկայացվում հանրությանը։ Իսկ դա անլրջացնում է կոնվենցիային միացած պետության կշիռը. տպավորություն է ստեղծվում, թե երկիրը միացել է դրան ոչ թե հանուն դրույթների նկատմամբ հավատարմության ու պարտավորությունների կատարման, այլ որովհետև դրանում փող աշխատելու հնարավորություն է տեսնում։
Արձանագրենք նաև, որ COP17-ին ընդառաջ Հայաստանի վարչապետը շտապեց հայտարարել «Ամուլսարի» հանքի շահագործման մեկնարկը այն դեպքում, երբ դա խնդրահարույց է հենց կենսաբազմազանության պահպանության ու պաշտպանության տեսանկյունից։ Սակայն այս նախագծի իրականացման համար ևս իշխանությունների համար առաջնայինը բիզնես մտածելակերպն է, այլ ոչ թե պետության ու ժողովրդի անվտանգության մասին հոգածությունը։ Անգամ բնապահպանական միջոցառման անցկացման այս օրերին կառավարության ներկայացուցիչները համարձակվում են խոսել հանքի շահագործման եկամտաբերությունից՝ թե այն որքան գումար է ապահովելու Հայաստանի գանձարանի համար, բայց նրանցից ոչ մեկին չեն մտահոգում դրա հետ կապված ռիսկերը։
Գևորգ Պապոյանն ուրախանում է, որ Հայաստանն այս միջոցառման շնորհիվ հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում, բայց մենք էլ արձանագրում ենք, որ մեծ հաշվով այդ աշխարհը թքած ունի մեր երկրի վրա, քանի որ մեզ համար այս օրերին բարձրաձայնվող կարևոր հարցերի (անգամ զուտ բնապահպանական) նկատմամբ միջազգային հանրությունը շարունակում է քար անտարբերություն պահպանել։ Հետևաբար՝ ի՞նչ ուշադրության մասին է խոսքը, եթե այն հոգածություն չի նախատեսում։
Թագուհի Ասլանյան

Русский