Ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո թույլ տրված սխալները կարող են լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծել սրտանոթային համակարգի համար, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ունեն սրտի չախտորոշված խնդիրներ․ այս մասին «Լենտա»-ին տված հարցազրույցում ասել է սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Եվգենի Կոկինը։
Կոկինն ամենատարածված սխալ նշել է ինտենսիվ մարզումից անմիջապես հետո կտրուկ կանգ առնելը։ «Մարզման ընթացքում մկաններն օգնում են արյունը վերադարձնել դեպի սիրտ. երբ կտրուկ կանգ եք առնում, այդ մեխանիզմը դադարում է գործել, ինչը կարող է հանգեցնել զարկերակային ճնշման կտրուկ անկման, գլխապտույտի և նույնիսկ ուշագնացության։ Ծանր մարզումից հետո կարևոր է աստիճանաբար նվազեցնել ինտենսիվությունը և մի քանի րոպե քայլել հանգիստ տեմպով»,- բացատրել է սրտաբանը։
Մասնագետը հավելել է, որ մեկ այլ հաճախ հանդիպող սխալ է օրգանիզմում ջրի բավարար պաշարը չապահովելը։ Նա զգուշացրել է, որ ջրազրկումը հանգեցնում է արյան խտացման, արագացնում է սրտի աշխատանքը և մեծացնում սրտի ծանրաբեռնվածությունը։ Նույնքան վտանգավոր է «ցավը հաղթահարելով շարունակել մարզվելը»՝ հատկապես, եթե զգում եք սեղմող ցավ կրծքավանդակում, ուժեղ հևոց, սրտի ռիթմի խանգարում կամ գլխապտույտ։ Կոկինն ընդգծել է, որ նման ախտանիշների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ֆիզիկական ակտիվությունը և դիմել բժշկի։
Ըստ բժշկի՝ մարզման արդյունքներն «ամրապնդելու» նպատակով սաունա այցելելը կամ ալկոհոլ օգտագործելը նույնպես կարող է բացասաբար ազդել սրտի վրա։ Երկու դեպքում էլ սրվում է ջրազրկումը, և կարող են առաջանալ զարկերակային ճնշման կտրուկ տատանումներ։

Русский