Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ինչ խախտումների մասին են ահազանգում դիտորդական առաքելությունները՝ քվեարկությունից 4 ժամ անց

Blog Image

Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունից չորս ժամ անց դիտորդական առաքելություններն արձանագրել են բազմաթիվ խախտումներ տարբեր ընտրատեղամասերում։

Այսպես.

«Արդար Քվե»  դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ Լոռու մարզի Գյուլագարակ բնակավայրի 22/32 ընտրատեղամասում արձանագրվել են դիտորդի գործունեությանը խոչընդոտող գործողություններ և ճնշման դրսևորումներ։ Մասնավորապես, ընտրատեղամասում գտնվող կուսակցություններից մեկի վստահված անձը, ըստ դիտորդի, ուղղորդել է ընտրողներին։ Դիտորդի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո վստահված անձը փորձել է ճնշում գործադրել դիտորդի նկատմամբ և հայտարարել, որ կհասնի նրա հեռացմանը ընտրատեղամասից։

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից իրավիճակը կարգավորելու համար բավարար միջոցներ չեն ձեռնարկվել։ Խնդիրը չի կարգավորվել նաև հանձնաժողովի անդամների միջամտությունից հետո, ինչից հետո վստահված անձը սկսել է բարձրաձայն վիճաբանել և բղավել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վրա։

«Հայաքվե»-ն արձանագրում է.

23/58 տեղամասում, որտեղ զինծառայողներ են քվեարկում, գտնվում են ռազմական ոստիկանության ներկայացուցիչները՝ չպահպանելով սահմանված 50 մետր հեռավորությունը 

25/08 տեղամասում քաղաքացին մոտեցել է քվեարկելու, բայց իր փոխարեն արդեն ստորագրված էր: 

«Ականատես»-ն արձանագրվել է 5 էական միջադեպ․

7/6 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը՝ քվեարկության գաղտնիության խախտման ռիսկի վերաբերյալ գնահատականը գրանցամատյանում արձանագրելու մասին։ Ըստ դիտորդի՝ քվեախցիկի տեղադրման վայրում առկա ելումուտի պատճառով տեսանելի էր դառնում քվեախցիկում կատարվող գործընթացը։

8/61 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը՝ քվեարկության սենյակի կահավորման խնդիրն արձանագրելու վերաբերյալ։ Դիտորդի գնահատմամբ՝ քվեախցիկների ետնամասում գտնվող սանհանգույցների պատճառով այդ հատվածում տեղի ունեցող անցուդարձը կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը։

8/38 ընտրատեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ուշացման պատճառով տեղամասային կենտրոնը մինչև 07։18 չի բացվել, և այդ ընթացքում որևէ անձի մուտքը տեղամասային կենտրոն չի թույլատրվել։

14/6 ընտրատեղամասում արձանագրվել է քվեարկության գաղտնիության խախտման ռիսկ․ քվեախցիկների ետևում առկա վարագույրը ցանկացած պահի կարող էր բացվել։ Դիտորդի առաջարկից հետո անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկվել, իսկ գնահատականը գրանցվել է ՏԸՀ գրանցամատյանում։

 4/54 ընտրատեղամասում արձանագրվել է չհրկիզվող պահարանի հետ կապված խնդիր․ այն բացված է եղել դեռևս 06։55-ի դրությամբ՝ նախապատրաստական աշխատանքների մեկնարկից առաջ։

Send