224 կիլոմետրանոց Կարս-Իգդիր-Արալըք-Դիլյուչու երկաթուղին կարևոր նշանակություն ունի «Զանգեզուրի միջանցք»-ի համար։
Ըստ APA-ի, այս մասին «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է աշխատանքները «Զանգեզուրի միջանցք»-ի վրա. «Նախիջևանում անավարտ աշխատանքներ կան: Ադրբեջանական կողմը, հավանաբար, կսկսի այս տարի»։
Նա հավելել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը։
MediaHub-ը թեմայի վերաբերյալ զրուցեց քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ, ով էլ նշեց․ «Ադրբեջանը արդեն ավարտել է երկաթուղու կառուցումն իր տարածքում, հավանաբար Նախիջևանի տարածքի կողմից էլ աշխատանքներ կընթանան։ Հիմա 4 տարի ինչի՞ն պիտի սպասեն, Թուրքիայի ներկայացուցիչը հավանաբար նկատի ունի երկաթուղիների կառուցումը՝ Թուրքայից Նախիջևան այնտեղից էլ դեպի Զանգեզուր։ Հիմա պատրաստի երկաթուղի չկա, որ Թուրքիայից մտնի Նախիջևան և մոտենա մինչև Զանգեզուրի սահմաններին»։

Քեռյանը առաջ քաշեց այն հանգամանքը, որ Հայաստանի երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին։
«Հիմա քաղաքական այնպիսի բուռն իրադարձություններ են գնում, որ մենք չգիտենք՝ հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանը կկարողանա իր դիրքերը վերականգնել և թելադրել իր կամքը։ Թուրքական ղեկավարները մի քիչ ավելի հեռատես են, նրանք մտածում են՝ ինչու դնել միլիարդներ, երբ որ չգիտեն՝ հարավային Կովկասի ճակատագիրն ինչ է լինելու»,- հավելեց մեր զրուցակիցը։
Էմմա Մարտիրոսյան

Русский