Մարոկկոյի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի պաշտպան Աշրաֆ Հաքիմին մերժել է 2025 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի տիտղոսը ընդունելու գաղափարը՝ պնդելով, որ իր թիմը արժանի չէր չեմպիոն կոչվել պարտությունից հետո։

Պաշտպանը նշել է, որ ո՛չ իրեն, ո՛չ էլ իր թիմակիցներին չպետք է շնորհվի գավաթը՝ անկախ որևէ պաշտոնական որոշումից։
«Մայրիկս ինձ ասաց մերժել Աֆրիկայի ազգերի գավաթը։ Ես պաշտոնապես մերժում եմ գավաթը և հուսով եմ, որ թիմակիցներս նույնը կանեն։ Մենք հնարավորություն ունեինք նվաճելու այն, բայց չկարողացանք նվաճել այն», - ասել է Հաքիմին։
Մարոկկոյի հավաքականի ավագը նշել է, որ Սենեգալն արդարացիորեն հաղթող է ճանաչվել հունվարի 18-ի եզրափակչում՝ լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթանակ տանելով։ «Սա ֆուտբոլ է. երբեմն դու հաղթում ես, երբեմն՝ պարտվում։ Սենեգալը արդարացիորեն հաղթեց մեզ և արժանի էր հաղթանակին։ Անարդար կլինի խաթարել նրանց ուրախությունը՝ նրանց կատարած քրտնաջան աշխատանքից հետո»,- նշել է Հաքիմին։
Եզրափակիչ խաղի ընթացքում Սենեգալի ֆուտբոլիստները լքել էին խաղադաշտը՝ բողոքելով նշանակված 11 մետրանոցի դեմ։ Խաղադաշտ վերադառնալուց հետո մարոկացիների հարձակվող Բրահիմ Դիասը չէր իրացրել այն։
Աֆրիկյան ֆուտբոլի կառավարող մարմինը՝ CAF-ը, օրեր առաջ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ եզրափակչում Մարոկկոյին շնորհել է 3-0 հաշվով հաղթանակ՝ ըստ էության նրանց դարձնելով Աֆրիկայի չեմպիոն։ Որոշման պատճառը եղել էր եզրափակչում սենեգալցիների՝ խաղադաշտը լքելը։

Русский